Ռուսաստանի Դաշնությունում ապրող՝ ՀՀ քաղաքացի 26-ամյա Կարեն Հովսեփյանը, որը դեկտեմբերի 1-ին հատել էր ՌԴ սահմանը, անցել Դոնեցկի շրջան եւ նրան արգելել էին հետ վերադառնալ, այժմ լավ է, բարեկամների տանն է գտնվում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարենի հայրը՝ Արթուր Հովսեփյանը, հայտնեց, որ մամուլի հրապարակումներից հետո շատ հայեր են արձագանքել, գնացել Դոնեցկի շրջանի սահմանային կետ եւ օգնել Կարենին:

«Հիմա արդեն ամեն ինչ լավ է, տղայիս կօգնեն վերադառնալ Հայաստան, շուտով կգա»,- ասաց հայրը:

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին NEWS.am-ի խմբագրություն դիմած՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Արթուր Հովսեփյանը մասնավորապես ասել էր. «Որդիս սահմանն անցել էր, որ գրանցման հարցերը լուծի, հետ վերադառնա ու արդեն չեն թողել, ասել են, որ 5 տարի չի կարող սահմանը հատել: Պատկերացնում եք՝ այնտեղ պատերազմական վիճակ է, տղաս չգիտի՝ ինչ անի, չի էլ կարող Կիեւ գնալ, որովհետեւ հենց դուրս եկավ տամոժնիից, կամ կուղարկեն պատերազմ, կամ էլ կսպանվի»: