«Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի շենքը գտնվում է վթարային վիճակում. քանդված է հենասյունը` 80 սմ-ից 60 սմ տաշված է, ինչի պատճառով բազմաթիվ ճաքեր են առաջացել 1-ին հարկից մինչեւ 4-րդ հարկ, շենքի հիմնասյունը ամրացման կարիք ունի, սակայն Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, որը շենքի համասեփականատերն է, թույլ չի տալիս վերանորոգման որեւէ աշխատանք իրականացնել: Այս մասին այսօր`դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը պատմեց  ինստիտուտի արհմիության նախագահ Վարդուհի Կոստանդյանը` ավելացնելով, որ Հմայակ Հովհաննիսյանը ապօրինաբար զավթել է իրենց տարածքից մի հատված`թուլացնելով շենքի ամրությունը:

«Երբ քանդեցին ֆոյեի մասը, որն իրեն չէր պատկանում, ժամանակին վերցրել էր էլի անօրինական ճանապարհով, այդ ժամանակ բացվեց պատերի կրողունակության թուլությունը, պատերի քանդած, թեթեւացած վիճակը եւ եկան սեսմիկ կայանից եւ եզրակացություն տվեցին որպես անթույլատրելի քայլ, որը վթարային վիճակի է բերել շենքը», - ասաց «Հիդրոէներգանախագիծ» ինստիտուտի տեխնիկական տնօրեն Հասմիկ Փալանջյանը:

Վարդուհի Կոստանդյանի խոսքով`իրենք մասնագետներ են հրավիրել, որոնք շենքի ամրացման լուծումներ են առաջարկել: Կազմվել է նախահաշիվ, որի համաձայն 70 մլն դրամ գումար է անհրաժեշտ, որպեսզի վերացվեն Հմայակ Հովհանիսյանի պատճառած վնասները, սակայն Հմայակ Հովհանիսյանը խոչընդոտել է վերանորոգման աշխատանքներին:

«Սյունը քանդել է, որպեսզի իր տարածքն ավելի մեծացնի: Կազմակերպել ենք աշխատանքներ, որպեսզի ամրացվի շենքը, հրավիրել ենք մասնագետներ, որոնք տվել են վթարային տեսքի իրենց եզրակացությունը, որպեսզի հենասյունները ամրացվեն, սակայն Հմայակ Հովհաննիսյանը դեմ էր մեր միջոցառումներին: Չնայած հրավիրել էինք նաեւ իր ճարտարապետին, նա նույնպես համաձայն էր մեր հրավիրած մասնագետների հետ, երբ նկուղում սկսվեցին ամրացման աշխատանքները, Հովհաննիսյանի ահազանգով եկան ոստիկանները եւ «Կենտրոն» թաղապետարանի աշխատակիցները եւ թույլ չտվեցին որեւէ աշխատանք կատարել»,- ասաց Կոստանդյանը:

«Հիդրոէներգանախագիծ» ինստիտուտի արհմիության կոմիտեի նախագահը նշեց, որ Հմայակ Հովհաննիսյանը շենքի իր մասնաբաժինը գնել է պետական գույքի կառավարման վարչությունից, սակայն ապօրինաբար իրենց պատկանող տարածքից է զավթել, ինչի համար «Հիդրոէներգանախագիծ» ինստիտուտի աշխատակիցները դիմել են դատարան:

«Բայց դատաարանում տարիների գործերը դեռ ավարտված չեն այդ հարցով: Ձգձգվում է, մեկ ինքը չի ներկայանում, կամ էլ իր կապերն է օգտագործում»,- ասաց  Վարդուհի Կոստանդյանը: