Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների եւ բաժինների աշխատակցուհիների նախաձեռնությամբ իրականացվել է «Մի կտոր ջերմություն» խորագրով սոցիալական նշանակության ակցիան, որի շրջանակում վերջինները դեկտեմբերի 12-ին այցելել են Երեւանի թիվ 1 եւ Երեւանի Նորքի տուն-ինտերնատներ, ինչպես նաեւ անօթեւանների ժամանակավոր կացարան:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակցիայի բուն նպատակը մարդկային ուշադրությունն է այդ հաստատություններում հանգրվանած քաղաքացիների նկատմամբ, որն այս անգամ արտահայտվում էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակցուհիների ձեռքերով պատրաստած տարատեսակ թխվածքների հյուրասիրությամբ:

«Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ քաղաքապետարանի աշխատակցուհիներով ցանկացանք մի կտոր ջերմություն հաղորդել մարդկային ուշադրության կարիք ունեցող այն տատիկ-պապիկներին, ովքեր այս պահին գտնվում են տուն-ինտերնատներում, ինչպես նաեւ մեր այն համաքաղաքացիներին, ովքեր կյանքի բերումով հայտնվել են անօթեւանների կացարանում։ Գաղափարը բոլորինս է, քանի որ Ամանորն այն ջերմ ընտանեկան տոնն է, որը պետք է համախամբի բոլորին, սերմանի բարություն եւ ջերմություն։ Կարող եմ հաստատապես ասել, որ բոլորս մեծ ոգեւորությամբ ու սիրով ենք պատրաստվել այս օրվան», - նշել է նախաձեռնության մասնակից Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանն ու վստահեցրել, որ նմանատիպ նախաձեռնությունները լինելու են շարունակական: