Ողջիի գետավազանում միջին տարեկան ջերմաստիճանը 0.5 աստիճան ցելսիուսով աճել է: Ողջիի եւ Մեղրիի գետավազանային կառավարման պլանների նախագծերի ներկայացման ժամանակ «ԷկոԼուրի» հետ զրույցում նշել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա եւ ջուր» ծրագրի կլիմայի փոփոխության մասնագետ Նաիրա Ասլանյանը` հավելելով, որ մասնավորապես 5 հիդրոլոգիական դիտակետերում տեսնում ենք, որ մինչեւ 30 տոկոսով բնական հոսքի նվազում է գրանցվել մինչ օրս:
Նրա խոսքով՝ թվային փոքր ցուցանիշների տարբերությամբ նույն դինամիկան զգացվում է նաեւ Մեղրիի գետավազանում: Ըստ կանխատեսվող սցենարների՝ կլիմայի փոփոխության արդյունքում Ողջի եւ Մեղրի գետերի հոսքը հետագա տարիներին նվազելու է:
Նաիրա Ասլանյանը նաեւ նշել է, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ջերմաստիճանը եւ մասնավորապես մթնոլորտային տեղումները, վերջին 20 տարիներին՝ 1991-2011թթ., էական փոփոխություններ են կրել:




























