Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է եղել «Հայ մարմնակրթական ընդհանուր միության»՝ հայրենիքում վերահիմնադրման 25-ամյակի միջոցառմանը։ «Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը» մաս է կազմում Համաշխարհային սկաուտական շարժման, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ է։
ՀՄԸՄ Երեւանի վարչության ատենապետ Վիգեն Հովհաննիսյանը ներկայացրել է, որ ՀՄԸՄ-ը, համագործակցելով տարբեր կառույցների հետ, հիմնադրման օրից ի վեր ու հատկապես վերջին տարիներին աշխուժորեն մասնակցում է բազմաբնույթ հասարակական միջոցառումների։
«Ազգային զարթոնքի օրերին՝ 25 տարի առաջ մի խումբ սփյուռքահայ եւ տեղացի ուսանողներ, կարեւորելով սերնդի հայեցի դաստիարակությունը, հայրենիքում վերահիմնադրեցին 70 տարի Հայաստանից տարագրված «Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը»։ Վերահիմնադրումն սկիզբ առավ հենց համայն հայության մայրաքաղաք Երեւանում։ Երեւանի մասնաճյուղը համագործակցում է տարբեր կառույցների հետ, աշխուժորեն մասնակցում բազմաբնույթ հասարակական միջոցառումների եւ պատրաստ է մաս կազմել յուրաքանչյուր հայրենանվեր նախաձեռնության։ Այս համատեքստում խորին երախտագիտություն ենք հայտնում Երեւանի քաղաքապետարանին, անձամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ մեր ծրագրերը կյանքի կոչելու գործին սատարելու համար։ ՀՄԸՄ Երեւանի վարչությունը խորհրդանշական անվանական հուշանվերով է հայտնում իր երախտագիտությունը Տարոն Մարգարյանին այդ նշանակալի ավանդի համար»,-նշել է ՀՄԸՄ Երեւանի վարչության ատենապետ Վիգեն Հովհաննիսյանը եւ հուշանվերը հանձնել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանին։
«Այսպիսի արմատներ ունեցող կազմակերպության հետ մեր համագործակցությունը արդյունավետ է եւ պատվաբեր։ Շնորհավորում եմ հոբելյանական այս առիթով եւ մեր գոհունակությունն եմ հայտնում հայանպաստ ակտիվ գործունեության համար՝ խոստանալով, որ կշարունակենք ավելի արդյունավետ համագործակցությամբ»,-նշել է քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։




























