Չնայած ԵՊՀ աշխատակիցներից կուտակային կենսաթոշակի համար պարտադիր սոցիալական պահումներ այլեւս չեն արվում, դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Բագրատ Հարությունյանը, որը ԵՊՀ-ից հեռացել էր պարտադիր կուտակային կենսաթոշակի պատճառով, չի վերադառնա համալսարան, քանի դեռ գիտության հանդեպ քաղաքականությունը չի փոխվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բագրատ Հարությունյանը: Նշենք, որ կառավարության որոշմամբ ԵՊՀ-ն եւ ԵՊԲՀ-ն վերածվել են հիմնադրամի, ինչի արդյունքում դասախոսներից այլեւս կուտակային կենսաթոշակի համար պահումներ չեն արվում:
«Ինձ համար առանձնապես ոչինչ չի փոխվել, քանի որ գիտության հանդեպ վերաբերմունքը, քաղաքականությունը չի փոխվել: Ես կարծում եմ, որ այս լուծումն ինչ-որ միջանկյալ տարբերակ է, որովհետեւ ով դուրս է եկել, արդեն դուրս է եկել, եւ իրենք ցանկության դեպքում միայն մյուս տարի կարող են վերադառնալ, իսկ մնացողների համար ինչ-որ սփոփանք է, սակայն իրականում այս փոփոխությունը խնդիրը գլոբալ չի լուծում»,-ասաց Բագրատ Հարությունյանը:
Դասախոսի կարծիքով՝ ԵՊՀ-ն հիմնադրամի վերածելու որոշումը ճիշտ չէ, ընդամենը կարճաժամկետ խնդիր է լուծում. «Իմ կարծիքով՝ դա սխալ է, որովհետեւ հիմնադրամը մեկ այլ իրավական կարգավիճակ է, եւ բուհերին չի սազում, ես չէի ցանկանա, որ ԵՊՀ-ն հնչեր որպես հիմնադրամ: Այս որոշումը կարճաժամկետ որոշում է, որը օրվա խնդիր է լուծում, այլ ոչ թե սերունդների համար ինչ-որ բան է անելու, դրա համար այս վիճակի մեջ ենք հայտնվել հիմա»:


























