Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, դեկտեմբերի 14-ին, ընդունել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ զրույցի ընթացքում նրանք անդրադարձել են Սփյուռքում ու Հայրենիքում Միության կողմից իրականացվող ազգանպաստ գործունեությանը եւ նախանշվող նոր ծրագրերին: Քննարկվել են նաեւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ իրականացվող կրթական, սոցիալական եւ եկեղեցաշինական ծրագրերը:

Այս առիթով Հայոց Եկեղեցուն եւ հատկապես Մայր Աթոռ Ս. Էջմիածնին Միության կողմից շարունակ ցուցաբերվող զորակցության ու ամենայն աջակցության համար Նորին Սրբությունն իր օրհնությունն  է փոխանցել ՀԲԸՄ անդամներին:

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել նաեւ Մայր Աթոռի բարերարներ տեր եւ տիկին Սեդրակյաններին` նրանց եկեղեցասեր ոգու եւ ազգանվեր գործունեության համար:

Այնուհետեւ հանդիպմանը խոսվել է ազգային-եկեղեցական կյանքում առկա զանազան խնդիրների եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին:

Հանդիպումից հետո Պերճ Սեդրակյանը Մայր Տաճարում մասնակցել է Ս. Պատարագի արարողությանը, որի ավարտին հոգեհանգստյան կարգ կատարվեց նաեւ տեր եւ տիկին Սեդրակյանների հոգելույս ծնողների` Հմայակ Սեդրակյանի եւ Նուբար Նազարյանի հոգիների խաղաղության համար: