Կոպենհագենի քաղաքապետարանի շենքի՝ ավելի քան 100-ամյա ավանդույթ ունեցող աղավնիների բույնը տխուր ճակատագրի է արժանացել: Քաղաքային վարչակազմի շենքի տանիքի տակ ապրող շուրջ 120 աղավնիներին ոչնչացրել են, քանի որ այդ փետրավորները սուր վարակիչ փսիտակոզ հիվանդության կրողներ են եղել:
Աղավնիները Կոպենհագենի քաղաքապետարանի աշտարակում բույն են հյուսել 1905 թվականից, սակայն վարակիչ հիվանդության տարածման պատճառով թռչուններին ստիպված են եղել ոչնչացնել: Փսիտակոզը, որը հայտնի է նաեւ որպես թութակների հիվանդություն, կարող է վտանգավոր լինել նաեւ մարդու համար: Թռչուններին խնամելու հարցում օգնող քաղաքապետարանի երկու աշխատակցի մոտ գրիպի նախանշաններ են հայտնաբերվել: Որոշ ժամանակ անց, սակայն, նրանք վերադարձել են աշխատանքային նորմալ ռեժիմի:
Ըստ Euromag-ի, չնայած հիվանդությունը բուժվում է, աղավնիների պարագայում դա գրեթե անհնար է: Քաղաքապետարանի ներկայացուցչի փոխանցմամբ, թռչուններին բուժելու համար անհրաժեշտ կլիներ նրանց չորս ամիս փակի տակ պահել աշտարակում, այդ պատճառով փետրավորներին բուժելու գաղափարից հրաժարվել են:
Քաղաքային իշխանությունները դեռեւս չեն որոշել, արդյո՞ք աշտարակը կբնակեցնեն թռչունների նոր երամով: Սկզբնական շրջանում հարկավոր է ախտահանել հիվանդ աղավնիների բույնը:




























