«Ֆինանսական բուրգի» գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի մայրը՝ Փառանձեմ Հակոբյանը նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, պահանջելով պատժել իրական մեղավորին: Այս մասին այսօր՝դեկտեմբերի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց տիկին Փառանձեմը, որն այս գործով մեղավոր է համարում տուժող ճանաչված Արտակ Գալստյանին:

«Որդիս՝ Արթուր Անդրասյանը, վերցրել է վարկեր, կատարել ներդրումներ, կերակրել մի շարք քաղցած ընտանիքների, վճարել բոլոր հարկային պատասխանատվությունները՝ կրելով նաեւ վնասներ: Աին ինչ արեց Արտակ Գալստյանը՝ «Վանոյի Արտակը» կամ «Վանոյի ճուտը», իր բանդայի հետ միասին, վեր է ամեն ինչից: Նա ստեղծեց տոկոսային կոլապս, ուղղորդված մի ծրագիր էր սա: Քանի որ բազմաթիվ քաղաքացիները մարդիկ տառապում են այդ չարիքից, ազատեք այդ բորենիներից: Նա որպես խայծ օգտագործել է որդուս»,- իր նամակում գրել է Փառանձեմ Հակոբյանը:

Նշենք, որ ամբաստանյալ Արթուր Անդրեասյանը մեղադրվում է խարդախության, քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափի գումարները (ընդհանուր՝ մոտ մեկ միլիոն դոլար) հափշտակելու մեջ:

Ամբաստանյալը սակայն պնդում է, որ տուժող Արտակ Գալստյանը ոչ թե տուժող է, այլ հենց ինքն է խարդախությունների հեղինակը։ Ըստ Արթուր Անդրեասյանի՝  Արտակ Գալստյանը միշտ ասել է, որ իր մեջքին Վանո Սիրադեղյանն է կանգնած, անգամ նրա հետ սկայպով կապի մեջ է եղել:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել նրա համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ եւ արտարժույթի առուվաճառքով զբաղվելիս հայտնվելով անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երեւան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձեւավորված վստահության շահարկմամբ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու եւ դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները եւ ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ: