Բեռնատար գնացքը պատմության մեջ ամենաերկար երթուղին է անցել. մեկնարկելով չինական Չժեցզյան նահանգի Իու քաղաքից՝ այն անցել է ութ երկրի տարածքով եւ ավարտել Իսպանիայի Մադրիդ քաղաքում: Ուղեւորությունը 21 օր է տեւել: Այդ ընթացքում գնացքը 13.052 կմ է հաղթահարել:
Աշխարհում ամենաերկար ուղեւորությունն անցել է Չինաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի տարածքներով: Գնացքում խաղալիքներ, գրենական պիտույքներ եւ Չինաստանից այլ ապրանքներ են եղել:
Շուտով այն վերադառնալու է՝ Իսպանիայից Չինաստան տանելով ձիթապտղի ձեթ, գինի եւ ապխտած միս: Մադրիդի քաղաքապետ Անա Բոտելյա Սերանոն այս երթուղին բնորոշել է որպես «XXI դարի մետաքսի ճանապարհ»:
Այս երկար երթուղին ընդամենը փորձնական է եղել: Ենթադրվում է, որ այն Իսպանիային եւ Չինաստանին կօգնի երկկողմ առեւտրային խորը հարաբերություններ հաստատել:
Չինաստանն արդեն կանոնավոր երկաթուղային հաղորդակցություն ունի գերմանական Դույսբուրգ եւ Համբուրգ քաղաքների հետ:




























