Ալեքսանդր Պետրոսյանին հաճախ մեղադրում են, որ լուսանկարներում արտացոլում է կյանքի մութ կողմերը: Բայց նրա աշխատանքներին նայելիս այլ տպավորություն ես ստանում: Դրանք փոքր պատմություններ են այն մասին, թե ինչպես հաճախ նույն տեղում հանդիպում են հանճարն ու ապաշնորհը, գեղեցկությունն ու անբարոյականությունը, այլանդակություն ու հոգեւորը, երջանկությունն ու խելագարությունը:
Լուսանկարչի Facebook-յան ընկերներից մեկը իրավացիորեն գրել էր, որ «Պետրոսյանն անգամ միջուկային պայթյունը մայրամուտի ֆոնին կնկարի»: Համաձայնեք, որ այս ամենն ահավոր հիասքանչ է, ինչպես որ մեր կյանքը...
Ինձ միշտ մի փոքր նյարդայնացնում են «Ալեքսանդր, բայց ինչ աչք ունես դու: Երանի ես այն ունենայի» տիպի արտահայտությունները: Ախր գրեթե ոչ ոք չգիտի, որ միայն մեկ աչքս է տեսնում, այն էլ՝ 20%-ով, ինչը, մեղմ ասած, այնքան էլ հրաշալի չէ լուսանկարելու համար: Ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ, բայց նկարելիս հաճախ լավ չեմ տեսնում՝ ինչ եմ նկարում, ավելի շուտ՝ կռահում եմ՝ բավարարվելով մոնիտորին ավելի հիմնավոր դիտելու հնարավորությամբ:


Հազիվ թե արժե կասկածի ենթարկել վարպետի ինքնահեգնանքի անկեղծությունը: Հատկապես հաշվի առնելով այն, թե ինչ են խոսում նրա մասին այլ լուսանկարիչները...
Գործընկերներս ինձ «Առաջին պլան» են անվանում, երեւի նրա համար, որ, ձգտելով մոտ լինել իրավիճակին, հայտնվում եմ նրանց կադրում:
Համացանցում փնտրելու դեպքում հեշտությամբ իմանում ենք, որ Ալեքսանդր Պետրոսյանին ճանաչում եւ պաշտում են որպես պիտերյան լուսանկարիչ: Նրան ոչ միայն հաջողվում է բնակիչների համար նորովի բացահայտել քաղաքը, այլեւ հաճախ Ռուսաստանի Հյուսիսային մայրաքաղաքի բոլորի համար սովորական անկյունները նկարել ամենաանսովոր դիտանկյուններից, նաեւ՝ թռչնի թռիչքի բարձրությունից:
Տրամադրությունը բարձրացնող փորձված միջոցներից մեկը հաճելի մարդկանց հետ բարձր տանիքի վրա մայրամուտը դիմավորելն է:

2011թ. «Պղնձե հեծյալը» առեւտրի տունը հրատարակել էր նրա լուսանկարների գիրքը՝ «Պիտեր» անվանմամբ: Պետրոսյանն ինքը Պետերբուրգն անվանում է քաղաք-ուրվական եւ քաղաք-միֆ:
Նա խոստովանում է, որ միայն այնտեղ է իրեն իսկապես լավ զգում: Բայց պարզվում է սիրելի քաղաքում աշխատելն այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է...
Այսքան տարի ոչ առանց հաջողության զբաղվում ես այդ գործով, հրատարակվում ամենուրեք, այրվում ես զարմանալի քաղաքի եւ դրա բնակիչների գեղեցկությամբ կիսվելու ցանկությամբ, բայց հենց որ ցանկանում ես պաշտոնապես հավատարմագրվել ինչ-որ հետաքրքիր կետից նկարահանում կատարելու համար, ամեն տեղ մեծ փողեր են պահանջում եւ ուղարկում գրողի ծոցը:
Այսպես էլ ապրում ենք...


Ալեքսանդրը ծնվել է Լվովում, որտեղ հանդիպել եւ ծանոթացել էին նրա ծնողները: Երկուսն էլ արվեստի մարդիկ են. ազգությամբ հայ հայրը Վրաստանից գնացած երաժիշտ եւ երգահան է, ուկրաինուհի մայրը՝ երգչուհի: Մանուկ հասակում ծնողները նրան երաժշտական դպրոց են տարել, եւ նա բավական հաջողությունների է հասել այնտեղ...
Գերազանց լսողության շնորհիվ դա բարդ չէր: Բայց լուսանկարչությունը հաղթեց: Ինձ առավել ոգեշնչող եւ ոճի տեսանկյունից մոտ ամենասիրելի լուսանկարիչը Էլիոթ Էրվիթն է:
Նախնիների հայրենիք Հայաստանում Պետրոսյանը մեկ անգամ է եղել: Նա հայկական տնտեսության մասին ռեպորտաժ էր պատրաստում, եւ եղել է Երեւանում, Տաթեւում ու Գեղարդում: Բացի մայրաքաղաքից, մնացած վայրերում մեկ ժամից էլ քիչ է մնացել: Ղարաբաղ այցելել չի հասցրել եւ հայտնի թթի օղին համտեսել չի հաջողվել: Չնայած կարճատեւ այցին, շատ ջերմ տպավորություններ են մնացել:


Այսօր վարպետն աշխատում է «Կոմերսանտ» հրատարակչատանը: Նրան բազմիցս կարելի է տեսնել տարբեր ցույցերի եւ հանրահավաքների ժամանակ, նա ունի նաեւ հրդեհների, հիվանդ երեխաների եւ հոգեբուժարանում համերգի լուսանկարներ: Այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվում հաղթահարել զգացմունքները, եւ որտեղ է ավարտվում իր աշխատանքը եւ սկսվում բարոյականությունը, Պետրոսյանն ասում է, որ… ավելի լավ է հեռացնել խցիկը, եթե խոսքը կյանքի եւ մահվան մասին է եւ կարելի է իսկապես փրկել վտանգից: Սակայն եթե ինքդ չես կարող փոխել իրավիճակը, ապա պետք է թեկուզ պատմել այդ մասին լուսանկարներով, եւ հնարավոր է՝ դա ինչ-որ կերպ կօգնի, որպեսզի այն տեսնող մարդիկ խորհեն …
Ցավոք, ես դեռ չեմ կարողանում ամբողջությամբ վերանալ տեսածիցս, հատկապես եթե տպավորությունները բավական ուժեղ եւ ճնշող են: Որոշ ժամանակ եւ ջանքեր են պահանջվում «ուշքի գալու» համար: Կարեւորը, որ դա չներգործի իմ հարազատների վրա:


«Այն տպավորությունն է, որ հորինված է», «Մտացածինը շատ է», «Հաստատ ֆոտոշոփ է»: Այսպիսի մեկնաբանությունները վաղուց չեն զարմացնում լուսանկարչին: Եվ միանգամայն բնական է, որ նրա նկարները նայելիս նման մտքեր են ծագում: «Չի կարող մարդու բախտը միշտ բերել», - մտորում են շատերը: Սակայն Պետրոսյանի դեպքում սկսում են հասկանալ մեկ պարզ ճշմարտություն. երբ նվիրվում ես սիրելի գործին, ապա ողջ տիեզերքն է օգնում քեզ:
Կամ էլ կա որոշակի թալիսմա՞ն, որը հաջողություն է բերում:
Ես հաջող օրը մատնանշող թալիսմաններ եւ հատուկ նշաններ չունեմ: Ինձ համար բավական է «Արա, ինչ պետք է անես, եւ թող լինի այն, ինչ որ լինելու է» սկզբունքը:
Ես հաստատ գիտեմ, որ երբեք չպետք է շատ ձգտել հաջողության: Ավելի լավ է միանգամից տրամադրվել, որ ոչինչ տեղի չի ունենա, եւ դա պարզապես ժամանակ է՝ դիտարկումների համար: Այդ ժամանակ եթե «որս» չլինի, ապա նեղսրտվածություն էլ չի լինի, իսկ եթե, այնուամենայնիվ, հաջողությունը ժպտա, ապա հաճելի անակնկալ կլինի:


Ալեքսանդրը լուսանկարչությամբ է զբաղվում շուրջ 15 տարի: Նա հասցրել է լինել Ռուսաստանի ամենահեռավոր անկյուններում, ՀԱՀ-ում, Կանարյան կղզիներում, Նյու Յորքում, Իսրայելում: Օգնե՞լ է արդյոք դա լավ ճանաչել աշխարհը եւ մարդկանց: Ըստ նրա՝ աշխարհում բազմաթիվ տարբեր խենթություններ կան: Եվ մենք բոլորս էլ ստիպված ենք դեգերել այնտեղ: Այժմ «ապրանքի» տակ դասակարգում են գրեթե բոլորին, սակայն մարդը միշտ էլ ընտրություն ունի՝ մասնակցել այդ խաղերին կամ ոչ:
Յուրաքանչյուրը յուրովի է հասկանում «զերծ մնացեք չարից եւ բարին արարեք» աստվածաշնչյան հին պատվիրանը:
.jpg)










Պատրաստեց Անի Աֆյանը




























