«Մշակությունների եւ քաղաքակրթությունների երկխոսություն» հասարակական միության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ադաշ Տոկտոսունովայի (Ղրղզստան) հարցազրույցը NEWS.am տեղեկատվական-վերլուծական գործակալությանը.
-Հետխորհրդային երկրներում մեկ պետությունում «համատեղ ապրելու» բավականաչափ մեծ փորձ է կուտակվել: Ի՞նչ եք կարծում՝ այս փուլում որքանո՞վ է օգտագործվում առկա ներուժը:
Այն այսօր շատ թույլ է օգտագործվում, եւ ամեն անգամ այդ սահմանները նեղանում են: «Համատեղ կեցության» գաղափարը ամենավատը չէ: Ես հիշում եմ իմ ուսանողական տարիները. բուհերում ստեղծվում էին Միջազգային բարեկամության ակումբներ, եւ ես Համալսարանական ակումբի նախագահն էր: Մենք շրջում էին Խորհրդայի Միության հանրապետություններով՝ «միջազգային բարեկամության առաքելությամբ», մեզ ամենուր ընդունում էին՝ որպես ամենամոտ եւ հարազատ մարդկանց, եւ Մոսկվայում, եւ Թբիլիսիում, եւ Մերձբալյան պետություններում: Հիշում եմ, ուսանողության տարիներին անցկացվում են Ղրղզստանում Լատվիայի մշակույթի եւ արվեստի օրեր: Այդ ժամանակ ես ծանոթացա հիասքանչ Վիա Արտմանեի հետ եւ առաջին անգամ տեսա երիտասարդ, ոճային Ռայմոնդ Պաուլսին: Այդ ժամանակ Լատվիայից եկել էին նաեւ կինոյի գործիչներ, թատերական կոլեկտիվներ: Դա բարեկամության, երգերի, միասնության անմոռանալի տոն էր, թեեւ անցել է 45 տարի: Մեզ՝ երիտասարդներիս եւ անհոգներիս համար դա ազգայնամոլության, մյուսին բացասական ընկալման դեմ լավ պատվաստում էր: «Դու, ես, նա. միասին համերաշխ ընտանիք ենք» եւ ժողովուրդների համերաշխության թեմայով վրացական, հայկական, տաջիկական, ադրբեջանական ազմաթիվ երգեր էինք երգում, մենք դրանք անգիր գիտեինք՝ ընդհուպ մինչեւ Խորհրդային միության փլուզումը:
Եվ միայն հիմա ենք հասկանում, որ դա իմաստուն, միջազգային քաղաքականություն էր. թուլության եւ ուժի գործոնները բազմազգության վերածելու միտքը այսօր, չգիտես ինչու, ոչ մեկի գլխում չի ծագում: Հակառակը, ամենուր փնտրում ենք բացասականը, վատը, կասկածում ենք , որ անկյունում թշնամին է եւ նրան պետք է ավելի դաժան հարվածել, իսկ ավելի լավ է՝ սպանել: Դրա հետ դժվար է համակերպվել...
-ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ստեղծված կազմակերպությունները՝ ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն, ՎՈՒԱՄ-ը, արդարացնո՞ւմ ենք իրենց:
Դեռեւս այդ կազմակերպությունները իրենց իրական պատմական դերը չեն կատարում, մինչդեռ կարող էին: Մասշտաբային են, պերճաշուք, սակայն էությունը բովանդակությունից զուրկ է, եթե կարելի է այդպես արտահայտվել: Այնպիսի տպավորություն է, որ այդ կառույցները ստեղծել են հոգի եւ սիրտ չունեցող մարդիկ:
-Այս համատեքստում, ի՞նչ եք կարծում՝ ԱՊՀ-ում ի՞նչն է գերիշխում՝ փոխադարձ ձգողականությունը, թե վանողականությունը:
Ցավոք, դեռ երկրորդը:
-Ձեր կարծիքով՝ ի՞նչ ուղղություններով կարելի է ակտիվացնել ԱՊՀ-ի տարածքում բնակվող ժողովուրդների միջեւ շփումները:
Ցանկացած ոլորտ կարելի է վերցնել, բացի սառը պատերազմից, պետք է գործարկել նաեւ սիրտն ու հույզերը: Նորը դա լավ մոռացված հինն է: Երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում մենք՝ հետսովետական երկրների ներկայացուցիչներս, հանդիպում էինք տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ, ինքնաբերաբար ձգտում էինք միմյանց, փառ աստծո, բարեկամության գենը մեռած չէ: Մենք միմյանց կարիքն ունենք, մենք փնտրում ենք, ինչ մեզ միավորում է, եւ ոչ երբեք բաժանում:
-Մասնավորապես, Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ:
Մեզ հետաքրքիր է Հայաստանի փորձը, օրինակ ավանդական մշակույթի պահպանման ոլորտում մենք շատ բաներ ունենք հայերից սովորելու. նրանք ժողովրդական արվեստը բարձրացնում են պրոֆեսիոնալիզմի մակարդակի:
Իսկ ընդհանրապես, Խորհրդային Միության փլուզումից հետո գործնականում միմյանց մասին տեղեկություններ չունենք, մի փոքր փրկում է «Միր» հեռուստաալիքը, սակայն այն մեծ լսարան չունի:
Կարծում եմ, որ համագործակցությունը հնարավոր է բնապահպանության, էկոտուրիզմի, օրգանական հողագործության ոլորտներում, քանի որ այդ ոլորտներին մեծ ապագա է սպասում, իսկ մեր երկրներն ունեն մեծ ներուժ, մենք նաեւ կարող էինք գիտական միավորումներ ստեղծել եւ այդ թեման տեսականորեն ու գործնականում մշակել: Եվ հայ, եւ ղրղըզ գիտնականները Խորհրդային Միության տապալումից հետո պահանջված չեն, իսկ հիմա պետք է միավորվել. գիտությունը, մշակույթն ու կրթությունը սահմաններ չունեն: Մենք նաեւ կարող ենք փոխանակվել գիտնականներով: Օրինակ այս կամ այն ոլորտում առաջատար հայ գիտնականը հրապարակային դասախոսություններ կարդա մեր համալսարանում, մենք կարող ենք տրանսպորտային ծախսերի վճարման համակարգ մտածել, ապահովել տեղական հյուրընկալությունը, իսկ այնուհետեւ կազմակերպել մեր գիտական լուսատուի պատասխան այցը Հայաստան:
- Որքանո՞վ են մեր երկրները փոխադարձ գրավիչ:
Տեղեկատվության բացակայության պայմաններում դժվար է շոշափման կետեր գտնել, սակայն դրանք կան:
- Ձեր կարծիքով, ԵՏՄ-ին մասնակցությունը կնպաստի՞ արդյոք երկկողմ շփումների խորացմանը:
Միանշանակ այո: Եվ ընդհանրապես, ժամանակակից պայմաններում, պետությունները ուժեղ են միայն երբ փոխադարձ շահերի շուրջ միավորվում են տարբեր կառույցերում: ԵՏՄ-ն անհրաժեշտ է, որպեսզի մեզ «չկրակեն» առանձին-առանձին:
- Բարդ հարց է, սակայն չեմ կարող շրջանցել այն: Հայաստանն ու Ղրղզստանը ՀԱՊԿ-ի անդամ են: Ի վիճակի կլինե՞ն նրանք անհրաժեշտության դեպքում իրականացնել կազմակերպության կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները: Այստեղ խոչընդոտներ առկա՞ են:
Բյուրոկրատական խոչընդոտներ եւ այդ կառույցի ղեկավարների անըմբռնողությունը: 2010թ., երբ երկրի հարավում երրորդ ուժերի կողմից հակամարտություն էր հրահրվել, մեր պետությունը ՀԱՊԿ-ի կարիքը շատ ուներ, սակայն վերջինս այն արհամարհեց: Լավ է դա, թե վատ, սակայն չավելացրեց ՀԱՊԿ-ի հեղինակությունը:
Մարիամ Լեւինա




























