Այս տարվա դեկտեմբերի 16-ի դրությամբ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի զբաղեցման 866 մրցույթ է հայտարարվել, որից կայացել է 726-ը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ասաց քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Նրա խոսքով՝ մրցույթներին մասնակցել է 1293 քաղաքացի, հայտարարված 140 մրցույթ չի կայացել, իսկ կայացած 135 մրցույթներում հաղթող չի ճանաչվել:
«Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի զբաղեցման մրցույթերի արդյունքների բողոքարկման 8 դեպք: Դրանցից 7-ը եղել է մրցույթների մասնակիցների, 1-ը՝ մրցութային հանձնաժողովի անդամների նախաձեռնությունը: Ներկայացված բողոքներից 7-ի մասով ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը հանձնաժողովների կայացրած որոշումները թողել է անփոփոխ, մեկի դեպքում կայացրել է արդյունքները վերանայելու որոշում»,- ասաց Մանվել Բադալյանը:
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը հայտնեց նաեւ, որ նույն ժամանակահատվածում ատեստավորվել է 1177 քաղաքացիական ծառայող, որոնցից 21-ը ատեստավորման հանձնաժողովների կողմից ճանաչվել են իրենց պաշտոններին չհամապատասխանող, ինչի հետևանքով նրանք ազատվել են զբաղեցրած պաշտոններից:


























