Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ներկա է եղել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Ուսումնական նախագծերի տոնավաճառ» ամենամյա ցուցահանդեսին, որն այս տարի նշանավորել է նաեւ է կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակը եւ անցկացվել է «Գեղարվեստը՝ կրթահամալիրում» խորագրով։ Տարեվերջյան ամենամյա ցուցահանդեսում կրթահամալիրը ներկայացնում է ընթացիկ տարվա գործունեությունը, հեղինակային նախագծերը, պարգեւատրում լավագույն ուսուցչին ու աշակերտին, ինչպես նաեւ նախանշում հաջորդ տարվա անելիքը։
Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը ծանոթացել է կրթահամալիրի նախագծերին, սաների գեղարվեստական աշխատանքների ցուցադրությանը, ունկնդրել կրթահամալիրի սաների կատարմամբ համերգը։
Այնուհետ Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդականը քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին է հանձնել «Երեւան» ոսկե հուշամեդալը, որով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կոլեկտիվը պարգեւատրվել է կրթահամալիրի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ, ինչպես նաեւ կրթության բնագավառում ձեռք բերած նվաճումների համար։


























