Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդը «Ջի Էմ Ջիմեդիա գրուպի» հետ քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպել են «Մի փոքրիկ լույս մեր սրտերից» խորագրով ամանորյա բարեգործական միջազգային ցուցահանդես-վաճառք, որին մասնակցում են հայաստանյան եւ միջազգային հասարակական կազմակերպություններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, անհատներ: Շուրջ 40 տաղավարներում ներկայացված են նաեւ ձեռքի աշխատանքներ: Ամանորին ընդառաջ կազմակերպված միջոցառման հիմնական նպատակը վաճառքից գոյացած հասույթով ՀՀ մարզերում բնակվող անապահով ընտանիքներին աջակցելն է: Աջակցություն կցուցաբերվի նաեւ սիրիահայերին, ովքեր, ի դեպ, նույնպես մասնակցում են ցուցահանդեսին:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա են գտնվել եւ տաղավարներով շրջել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ԱԺ պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանը: Ողջունելով նմանօրինակ նախաձեռնությունները՝ Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն առանձնահատուկ կարեւորում է այն ծրագրերի իրագործումը, որոնք բարեգործական բնույթ են կրում, եւ մշտապես իր աջակցությունն է բերում:
«Ցուցահանդեսն իր տեսակի մեջ իսկապես հետաքրքիր է: Եվ այստեղ գնահատելի է այն կանանց դերը, ովքեր իրենց ձեռքի աշխատանքներով են օգնում աջակցության կարիք ունեցողերին»,-ընդգծել է քաղաքապետի տեղակալը:
Մարգարիտ Եսայանն իր հերթին նկատել է, որ քաղաքապետարանում կազմակերպվող բարեգործական տոնավաճառները վկայում են այն մասին, որ քաղաքապետարանի դռները միշտ բաց են բոլոր քաղաքացիների համար ու այն նաեւ յուրօրինակ տուն է դարձել ասես:
Ցուցահանդեսը կգործի դեկտեմբերի 17-ից 18-ը:


























