ԱՄՆ-ի սեւծովյան-կասպիական տարածաշրջանում քաղաքականության պատասխանատուի պաշտոնում Թինա Կայդանոուի՝ նշանակման լուրը բորբոքել է ադրբեջանական հասարակությանը: Հավանաբար, Բաքվում ուսումնասիրել են նրա նախկին աշխատանքի պտուղները…

Ցանկացած աշխատանքի (քաղաքականության) արդյունքը կախված է ոչ այնքան նրանում ներգրավված նյութական միջոցներից, որքան անձնական գործոնից՝ նպատակին հասնելու գործընթացում ներգրավված անձանց իրավասությունից եւ մոտիվացիայից: Այսօր քչերն են կասկածում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը անհաշտ պայքար են մղում հետխորհրդային տարածաշրջանում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, ազդեցության համար: Պայքարի արդյունավետությունը մեծամասամբ կախված է լինելու այդ երկրների դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչների մասնագիտական ունակություններից, տեղակայված ինչպես անմիջական մրցակցության գոտում, այնպես էլ Մոսկվայի եւ Վաշինգտոնի համակարգող կենտրոններում:

Չի կարելի չնկատել, որ ամերիկյան եւ ռուսական դիվանագիտական ռազմավարությունները հիմնովին տարբերվում են իրարից: Եթե ամերիկացիները նպատակամղված են իրենց նպատակին հասնել հրապարակային, երբեմն էլ դեմագոգիկ ռազմավարությամբ, ռուսաստանցիներն ավելի լավ են պատրաստված գաղտնի խաղերում, որի էությունը ոչ հրապարակային տեղեկատվության հավաքումն ու օգտագործումն է: Սակայն այստեղ էլ ռուսաստանցի դիվանագետների գործողությունները չափազանց նեղացված են, քանի որ խաչվում են բոլորովին այլ կառույցների եւ ծառայությունների գործառույթների հետ: Դրա վրա մանրամասն կանգ չենք առնի:

Իմաստ կա՞ արձանագրել, որ նախաձեռնող, դեմագոգիկ ձեւակերպումների վրա կառուցված, բայց ամբողջությամբ ԱՄն շահերին հպատակեցված ամերիկյան դիվանագիտությունը տարածաշրջանային քաղաքականությունը, իսկ ամենագլխավորը՝ գաղափարախոսական պատկերը հաջողությամբ փոխակերպում է այնպես, որ հնարավորություն չթողնի ցանկացած այլ ակտիվության համար: Արդյունքում Հարավային Կովկասում ռուսաստանյան դեսպանների եռյակը՝ Իստրատով, Պավլով եւ Կովալենկո ամբողջությամբ պարտվեցին իրենց ամերիկյան գործընկերներին՝ Թեֆթին, Դերսիին եւ Էվանսին (հետագայում՝ Յովանովիչին): Ամերիկյան դիվանագետների թողած հետքը համեմատության որեւէ եզր չունի Հայաստանում Պավլովի թողած «անհետքության», Բաքվում Իստրատովի անհամարժեք հավասարակշռության եւ Թբիլիսիում Կովալենկոյի հարգանքի արժանի, բայց անարդյունք ակտիվության հետ:

Ինչպես ցանկացած ներկայացման մեջ, գործող անձինք վաղ թե ուշ փոխվում են: Ամերիկյան նոր վարչակազմը ձեռնամուխ է եղել Հարավային Կովկասում իր դիվանագետների կազմի, նաեւ Վաշինգտոնում պատասխանատու համակարգողի լայնամասշտաբ փոփոխության: Դատելով թեկնածություններից, ռոտացիան իրականացվում է՝ հաշվի առնելով տարածաշրջանի փոփոխված իրադրությունը, նաեւ՝ այն խնդիրները, որ տեղերում պիտի լուծեն կոնկրետ անձինք՝ կոնկրետ պրակտիկ փորձով:

Հասկանալու համար տարածաշրջանում ամերիկյան դիվանագիտական կորպուսի փոփոխության տրամաբանությունը, հարկ է հակիրճ ներկայացնել այն փոփոխությունները, որ կատարվել են պատմական այս կարճ ժամանակահատվածում:

Գլխավոր իրադարձությունն, անխոս, անցյալ տարվա օգոստոսյան պատերազմն է, որն ամբողջությամբ փոխեց ամերիկյան տարածաշրջանային ռազմավարության մեթոդներն ու մոտեցումները: Ռուսաստանը հրաշալի կերպով ցուցադրեց, որ դիվանագիտությունն իր համար վերջանում է այն պահին, երբ զգում է մարտավարական ձախողման առկայությունը: Այդ պահին գործի է դրվում զենքը: ԱՄՆ-ը, որ Թեֆթի ջանքերով լիովին վերափոխել էր Վրաստանը եւ բազմաքայլ շախմատային խաղի արդյունքում ռուսական գործոնը հասցրել զրոյի, Մոսկվայի ձեռքերով վերականգնել Թբիլիսի հսկողությունը Աջարիայի վրա, չէր հաշվարկել գլխավորը՝ Հարավային Օսիայի չեզոքացման տեսքով շախը՝ (ինչին կհետեւեր Աբխազիայի տեսքով մատը) Կրեմլի հակազդեցությունը: Ռուսաստանի կտրուկ պատասխանը, որ ընդհանուր ոչինչ չուներ դիվանագիտական պրակտիկայի հետ, կասկածի տակ դրեց, ավելին՝ ոչնչացրեց Թեֆթի եւ ամերիկյան կառավարության՝ Վրաստանում գործադրած երկարամյա ջանքերի արդյունքները: Սկսելով ամերիկյան փողերով կառուցված եւ զինած Սենակիի ռազմակայանի ապամոնտաժումից, եւ վերջացրած վրացական հաղորդակցման ուղիների (երկաթուղու եւ ճանապարհային՝ Հարավային Օսիայի տարածքից, եւ ծովային՝ Աբխազիայի հատվածից) նկատմամբ ռուսական ռազմավարական վերահսկողության հաստատումից:

Թեֆթի աշխատանքի պտուղների հետ վերացան նաեւ ԱՄՆ պատրանքները՝ վերահսկողություն հաստատել ողջ տարածաշրջանի վրա՝ հենվելով տարանցիկ-կոմունիկացիոն հանգույցի՝ Վրաստանի վրա: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը այսօր փոխում է շեշտադրւմները՝ գիտակցելով, որ Վրաստանի ռազմավարական նշանակության կորուստը կհանգեցնի նաեւ ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարական նախաձեռնությունների կորստի:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում վերջին շրջանում ամերիկյան ողջ քաղաքականությունը համակարգող Մեթյու Բրայզայի (նրա հետաքրքրությունների մեջ էին մտնում Վրաստանի ներքաղաքական խնդիրները, տարածաշրջանային քննարկումները Ռուսաստանի հետ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, եւ Արեւմուտքի էներգետիկ առաջնահերությունները կասպիական ավազանում) հնարավոր նշանակումը կարող է միայն մեկ բան նշանակել՝ Վաշինգտոնը սահուն տեղափոխում է տարածաշրջանում իր ներկայությունը Բաքու: Եւ դա պատահական չէ, քանի որ հենց Բաքուն է գլխավոր խոչնդոտը ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության տրամաբանության կառուցման ճանապարհին:

ԱՄՆ նախաձեռնողական քաղաքականությունը հայ-թուրքական մերձեցման ուղղությամբ, որի էությունը տարածաշրջանային ենթակառուցվածքների բացումն էր դեպի Սեւ ծով, հանդիպեց Բաքվի խիստ դեմարշին եւ Ադրբեջանի ու Ռուսաստանի ինտենսիվ մերձեցմանը: Այդ սցենարի կենսագործումը կհանգեցնի տարածաշրջանում երկրորդ ամերիկյան ներկայացուցչի՝ Էնն Դերսիի երկարամյա ջանքերի ձախողմանը: Բաքվում ամերիկյան առաքելության ղեկավարի պաշտոնում Մեթյու Բրայզայի գլխավոր խնդիրը լինելու է հենց դա՝ արգելակել Բաքվի կողմից Վաշինգտոնի նախաձեռնությունների խոյահարումը, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության հնարավոր կարգավորման փուլում: Այդ խնդիրը լուծելու եղանակը միայն արտաքին ճնշումն է, քանի որ ներքին գործոնը վաղուց եւ հաջողությամբ ոչնչացվել է Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա հոր՝ Հեյդարի կողմից: Բոլորովին այլ խնդիրներ են դրված Հայաստանում ԱՄՆ համեմատաբար նոր դեսպանի՝ Մարի Յովանովիչի առջեւ: Յովանովիչի ղըրղզական փորձը, որն ավարտվեց երկրի նախագահ Ասկար Ակաեւի Մոսկվա փախուստով, թույլ է տալիս ենթադրել, որ նա մասնագիտացել է կապերի հաստատման եւ ներքաղաքական գործընթացների վրա վերահսկողություն սահմանելու մեջ: Հենց ԼՂ հակամարտության ներքաղաքական գործոնն է գերակշռում Հայաստանում, որի քաղաքական ազատությունների մակարդակն անհամեմատ ավելի բարձր մակարդակի վրա են, քան Ադրբեջանում: Որոշ տվյալներով՝ Յովանովիչը սերտ երկխոսություն է պահպանում երկրի գլխավոր ընդիմադրի՝ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որը, չնայած իր հռետորաբանության ողջ ագրեսիվությանը, որեւէ անգամ հանդես չի եկել հայ-թուրքական սահմանի բացման կամ էլ ԼՂՀ շրջապատող տարածքներն Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու դեմ: Այսպիսով, հայկական ընդդիմությունը կարծես քննադատում է երկրի նախագահին՝ բանակցային դիրքորոշման անբավարար խստության համար, բայց իրականում միայն նա է գիտակցաբար համապատասխան պայմաններ ստեղծում՝ արտաքին հարթակում ավելի մեղմ խոսելու համար:

Ընդհակառակը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը վերջին շրջանում շատ է նվազեցրել իր ակտվությունը, եւ, ըստ որոշ տվյալների, շուտով տեղափոխվելու է Ուկրաինա, որտեղ ներքաղաքական գործընթացները զարգանում են գրեթե նույն տրամաբանությամբ, ինչ Վրաստանում, միայն մասշտաբային ռազմական սցենարի ցածր հավանականությամբ:

Առավել հետաքրքիր դարձավ ԱՄՆ պետքարտուղարությունում Մեթյու Բրայզայի պաշտոնում Թինա Կայդանոուի առաջադրման փաստը: Բրայզայի հնարավոր հետնորդն աշխատել է Բալկաններում՝ զգալի ավանդ ներդնելով Կոսովոյի ճանաչման գործում: 2008թ. հուլիսի 18-ին նա գլխավորել է ամերիկյան դիվանագիտական առաքելությունը սերբական մարզում: Մինչ այդ՝ 2006թ. հուլիսից մինչեւ 2008թ.-ի հունիսը նա ղեկավարել է Պրիշտինայի գրասենյակը: Կայդանոուն Կոսովո է ժամանել Սարաեւոյից, որտեղ կատարել է առաքելության փոխղեկավարի պարտականությունները: Ընդ որում, Կայդանոուն հանդիսացել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով տեղակալի, ամենազդեցիկ ամերիկյան դիվանագետներից մեկի՝ Ռիչարդ Արմիթիջի հատուկ օգնականը: Նա նաեւ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում ղեկավարել է Հարավ-Արեւելյան Եվրոպայի հարցերի բաժինը:

Սեւծովյան-կասպիական տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության համար պատասխանատուի պաշտոնում Թինա Կայդանոուի նշանակումը բորբոքել է ադրբեջանական քաղաքագիտական հանրությանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից Բրայզայի հեռանալու համատեքստում չի բացառվում որ Կայդանոուն է անմիջականորեն զբաղվելու ղարաբաղյան կարգավորմամբ: Ակնհայտ է, որ Բաքուն ուսումնասիրել է Թինա Կայդանոուի նախկին աշխատանքի պտուղները եւ վախենում է դրանց Հարավային Կովկաս տեղափոխմամբ: Մենք միայն նշենք, որ, ունենալով տարածքային եւ էթնիկ հակամարտությունների պայմաններում աշխատանքի մեծ փորձ, Թինա Կայդանոուն անպայման իր ավանդը կներդնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հուսով ենք, որ՝ դրական:

Իր հարցազրույցներից մեկում՝ պատասխանելով հարցին, թե որ երկրում կցանկանար շարունակել իր աշխատանքը, Կայդանոուն բառացի ասել է. «Աշխարհում շատ տեղեր կան, որտեղ պետք է շատ հետաքրքիր գործեր արվեն: Ակնհայտ է, որ շատ երկրներում ԱՄՆ-ը ներկայացված լինելու շահագրգռություն ունի: Տեխնիկապես ասած, մենք պետք է պատրաստ լինենք գլոբալ ծառայություններ մատուցելու: Եւ ես նույնպես»:

NEWS.am-ի փորձագիտական բաժին