«Նիկիտա մոբայլ Արմենիա» ընկերության նոր նախագիծը թույլ կտա համատիրությունների աշխատակիցներին անմիջական կապ պահպանել բնակիչների հետ:

Խոսքը Login.am ամպային վիրտուալ հարթակի մասին է, որը կոչված է կատարելագործել համատիրությունների գործունեությունը Հայաստանում:

Նորաստեղծ հարթակը, որն անվանվել է www.Login.am, համատիրությունների աշխատակազմերի համար լավ հնարավորություն է ընձեռում էլէկտրոնային եղանակով մշտական կապ պահպանել բազմաբնակարանային բնակելի շենքերի բնակիչների հետ, տեղեկացված լինել նրանց առօրյա հոգսերի և առաջարկների մասին: Այսպիսով, արդեն, օրինակ, անհրաժեշտ չի լինի շենքերի մուտքերի պատերին ու վերելակների ներսում պարբերաբար հայտարարություններ փակցնել: Եվ ընդհանրապես, ավելորդ թղթավարությունը է'լ ավելի կպակասի: Տեղեկատվությունը բնակիչներին կհասցվի առցանց:

Ցանցից օգտվելու համար բնակիչներից պահանջվում է գրանցվել այնտեղ: Գրանցվելու իրավունք ունեն այն շենքերի բնակիչները, որոնք ներառված են տվյալ համատիրության կազմում: Գրանցվելուց հետո, ստանալով իր անվանական հաշիվն ու գաղտնաբառը, բնակիչը հնարավորություն է ունենում մտնել ցանց և տեղեկանալ իր շենքի վիճակի բարելավման նպատակով տարվող աշխատանքների, շենքում առկա բնակարանների, կոմունալ ծախսերի դիմած վճարած գումարների (ամսական, եռամսյակային, կիսամյակային հաշվարկով)  և այլ օգտակար տվյալների մասին: Կարելի է նաև իմանալ վճարվելիք գումարների չափը և վճարումները կատարել առցանց, գրանցել նկատառումներ, առաջարկներ, հարցումների մասնակցել, և այլն: Հետագայում պլանավորվում է նաև այս եղանակով բնակիչներին առաջարկել իրականացնել գույքահարկի վաճարումը և աղբահանման դիմաց վճարները:

Իրենց հերթին, համատիրությունները ստանում են չափազանց ճկուն, արդյունավետ, հեշտ կառավարելի համակարգ` ընթացիկ գործունեությունը կարգավորելու համար: Login.am էլեկտրոնային համակարգի միջոցով համատիրության ադմինիստրացիան կարող է`

  • Ստեղծել համատիրության բնակելի միավորներ ու կառավարել դրանք;
  • Կառավարել բնակիչների կողմից կատարվող վճարումների ցուցակը;
  • Արագ տեղեկանալ և տեղեկացնել վճարումների և առկա պարտքերի մասին;
  • Ձևավորել հարթակ մատուցվող ծառայությունները գովազդելու համար;
  • Հետևել բնակիչների առաջարկներին ու բողոքներին;
  • Կազմակերպել առցանց քվեարկություններ տեղական նշանակության հարցերով (օրինակ` «Մեր բակում իմաստ ունի± ուղեփակոց կառուցել»)

Ենթադրվում է, որ այդ ամենի շնորհիվ տեղական ինքնակառավարման սկզբնական կառույցներ հանդիսացող համատիրությունների աշխատանքի որակը կբարձրանա:

Առ այսօր, նոր համակարգը ներդրվել  է մայրաքաղաքի համատիրություններից մի քանիսում: Դրա հետ մեկտեղ, 2015 թ. սկզբին ծրագրի վերաբերյալ աշխատանքներ կտարվեն ևս մոտ 15 համատիրություններում, որոնցից  մի քանիսը, ինչպես ակնկալվում է, նույնպես կմիանան տվյալ ծրագրին:  «Հետաքրքրություն և շահագրգռվածություն Login.am-ի հանդեպ իրոք որ կա: Մենք պարբերաբար հանդիպում ենք համատիրությունների ղեկավարների հետ, դասընթացներ անցկացնում»,- ասում է Լևոն Ֆրանգուլյանը:

Ներկայումս Login.am ծառայությունը համատիրություններին տրամադրվում է անվճար: