Հայաստանի եւ Թուրքիայի բիզնեսի եւ մտավորականության ներկայացուցիչները մասնակցել են հայ-թուրքական հարաբերություններին նվիրված «կլոր սեղանին», որ կազմակերպվել էր Ստամբուլում: Մասնակիցների ցանկում ընդգրկված են եղել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ Հայաստանի նախկին պետծառայողներ:

Մասնակիցները նկատել են, որ տնտեսական հարաբերությունները հայ-թուրքական քաղաքական եւ սոցիալական կապերի բարելավման բանալին են, հաղորդում է «Hurriyet Daily News & Economic Review»-ն:

Սակայն, հայ հյուրերի կարծիքով, Թուրքիան պետք է այլ միջոցներ ձեռնարկի, որ կարգավորի հարաբերությունները: «Եթե մենք չլուծենք մեր պատմության հարցերն ու ընդհանուր արժեքներ չստեղծենք, չենք կարող ապահովել ընդհանուր ապագա հայ եւ թուրք հանրությունների միջեւ»,- ասել է Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը:

Իր հերթին Նոյան Սոյակը՝ հայ-թուրքական բիզնես-խորհրդի նախագահը, ընդգծել է, թե տնտեսական կապերի բարելավման արդյունքում Թուրքիան սկսել է կարգավորել հարաբերությունները հարավային եւ արեւելյան հարեւանների հետ:

Նրա կարծիքով, Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները պետք է բաց լինեն: Սոյակը հավելել է, թե թուրքական շատ ընկերություններ իրենց արտադրության մեջ հայկական հումք են օգտագործում, սակայն դա ուղիղ չեն ստանում՝ վախենալով նշել այդ փաստը, որ բոյկոտի չենթարկվեն Ադրբեջանի կողմից: