Մոսկվայի կենտրոնում, դեկտեմբերի 22-ի երեկոյան ՊՆ հանրակացարանի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել՝ կրակոցներով: Տարբեր տվյալներով տուժել է 2-5 մարդ: Ոստիկանությունից հայտնել են, որ կռվի մասնակցիներից առնվազն մեկը գազային ատրճանակ է օգտագործել:

Նախնական տվյալներով, կոնֆլիկտը տեղի է ունեցել կնոջ պատճառով: Ոստիկանությունը հարցաքննում է կռվի մասնակիցներին, այդ թվում զենք կիրառողին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

LifeNews-ի տվյալներով, ծեծկռտուքին մասնակցել է առնվազն 20 մարդ: «Միջադեպի ժամանակ վիրավորվել է 5 մարդ»,-հեռուստաալիքին պատմել է ոստիկանության անանուն աղբյուրը: Թե ինչ վիճակում են տուժածները, չի հաղորդվում:

LifeNews-ը հայտնում է, որ երեք անհայտ անձինք մտել են ՊՆ հանրակացարանի շենք, որտեղ կոնֆլիկտ են ունեցել «Սլավյանկա» ընկերության աշխատակիցների հետ: Վեճը տեղափոխվել է փողոց, որտեղ տասնյակ երիտասարդներ են եղել: