Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նախօրեին սկսվել է Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով ձերբակալված վեց անձանց դատավարությունը:

Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 23-ին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու նպատակով, անհայտ անձինք փորձել են Երևանի Տերյան փողոցի 19 շենքի բակում գտնվող կիսակառույց շենքի ամրանի վրա տեղադրել ինքնաշեն հեռակառավարվող պայթուցիկ սարք` ուղղորդված պայթյուն իրականացնելու համար: Սարքը պայթել էր, սակայն վնասել էր միայն կիսակառույց շենքի պահակին: Դրանից հետո ձերբակալվել էին վեց հոգի, որոնց մեղադրանք էր առաջադրվել:

Երեկ դատարանում մեղադրող Հովսեփ Սարգսյանը հրապարակել է մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ նախկինում ՆԳՆ աշխատակից, արցախյան պատերազմի տարիներին «Չղջիկներ» ջոկատի հրամանատար Գագիկ Մաթեւոսյանը՝ «Մուսկուլ Գագո» մականունով, 2006թ. ավազակախումբ է ստեղծել, որի կազմում ընդգրկվել են Արտակ Ղուկասյանը, Վազգեն Կարապետյանը, Արայիկ Ոսկանյանը, Գրիգոր Գրիգորյանն ու Ռաֆայել Մասումյանը:  Վերջինս, իբր Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի որդուց՝ Ռոբերտ Երիցյանից 150 հազար դոլար է ստացել մահափորձ կազմակերպելու նպատակով: Մաքսայինի նախկին բարձրաստիճան աշխատակից Ռոբերտ Երիցյանը ներկայումս հետախուզման մեջ է:

Ամբաստանյալները, բացառությամբ մեկ մեղադրյալի՝ Արտակ Ղուկասյանի, դատարանում հայտարարել են, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը: Պաշտպանների կարծիքով, հենց Արտակ Ղուկասյանի ցուցմունքների հիման վրա էլ սարքվել է գործը:

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանը չէր ներկայացրել դատարան, եւ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստը հետաձգել է մինչեւ հունիսի 23-ը: