«Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները միակողմանի են եւ չեն արտահայտում ռեալ իրականությունը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ «Խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» արտահերթ հրապարակային զեկույցին: Նա նշեց, որ օմբուդսմենի զեկույցներն ընթերցելիս այն տպավորությունն ենք ստանում, որ վերջինս ոչ թե Հայաստանի Մարդու իրավունքների, այլ ընդդիմության շահերի պաշտպանն է եւ իրականությունը ներկայացնում է բացառապես սեւ գույներով: «Օմբուդսմենի մոտ շատ տխուր ավանդույթ է ձեւավորվել՝ միակողմանի զեկույցներ ներկայացնելու առումով: Կարծում եմ, այդպիսի զեկույցներ ներկայացնելը չի բխում, ոչ իշխանության, ոչ ընդդիմության, ոչ օմբուդսմենի, եւ ոչ էլ առավել եւս հասարակության շահերից:
Օմբուդսմենը պետք է գիտակցի, որ միակողմանի զեկույցները պատիվ չեն բերում իրեն»,-նշեց Շարմազանովը՝ միաժամանակ հավելելով. «Կարդալով նրա ոչ օբյեկտիվ զեկույցները տպավորություն ենք ստանում, որ ապրում ենք ոչ թե ժողովրդավարական, այլ բռնապետական, կիսաֆեոդալական երկրում: Չի կարելի այդպես: Օմբուդսմենը պետք է ներկայացնի խնդիրները, եւ խիստ քննադատության ենթարկի, բայց եթե կա տեղաշարժ, նաեւ պետք է նշի դրանց մասին»: Հարցին, թե ի՞նչն է հիմք տալիս կարծելու, որ ՄԻՊ-ի զեկույցները միակողմանի են, ՀՀԿ խմբակցության քարտուղարն արձագանքեց. «Նա անընդհատ կրկնում է՝ վատ է, վատ է, ոչ մի բան չի փոխվել, այնինչ լիքը բան փոխվել է: Բացեք մամուլն ու կարդացեք: Կամ այդ մարդը մամուլ չի կարդում, կամ էլ չի ուզում տեսնել, որ մամուլն իսկապես ազատ է: Որեւէ քաղաքական գործիչ խնդիր չունի իր տեսակետը մամուլում արտահայտելու առումով: Հիշենք հենց թեկուզ 2009 թվականի մայիսի 31-ի ավագանու ընտրությունները, որի ժամանակ բոլոր թեկնածուներն ունեցել են հավասար պայմաններ՝ թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ ռադիոյով, թե՛ այլ լրատվամիջոցներով: Չասել, որ գոնե կա առաջընթաց՝ կոռեկտ չէ»,-նկատեց պատգամավորը: «Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը՝ մարդու իրավունքները, այդ թվում եւ խոսքի իրավունքը պաշտպանելու ուղղությամբ» հարցին ՀՀԿ խմբակցության պատգամավորն ասաց, թե բարեփոխում են օրենսդրությունը: «Խոսքի ազատությունը մեզանում սխալ է ընկալվում: Դա այն չէ, որ ով ինչ ուզի՝ պիտի ասի: Խոսքի ազատությունը սահմանափակվում է այնտեղ, որտեղ սկսվում է օրենքը: Կան մամուլի այնպիսի միջոցներ, որոնք այնպիսի հոդվածներ են տպագրում, որ ժողովրդավարական ավանդույթներ ունեցող շատ երկրներում այդպիսի հոդվածներ չէին տպագրի»:
NEWS.am-ը Շարմազանովին հիշեցրեց «Հեռուստատեսության ու ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք խիստ քննադատության արժանացան միջազգային հեղինակավոր կազմակերպույունների կողմից, իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր հայաստանյան այցի ժամանակ անդրադարձավ այդ օրենքին ու իր մտահոգությունները հայտնեց: «Մենք պատասխանել ենք տիկին Քլինթոնի մտահոգությանը, որ Հայասատանի իշխանություններն իրենց պատրաստակամությունն են հայտնել աշնանը կրկին վերանայել այդ հարցը: Սա մի՞թե առաջընթաց չէ»,-նշեց Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ն իր «Խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցում Հայաստանում խոսքի ազատության վիճակը գնահատել էր որպես մտահոգիչ եւ խոսքի ազատության սահմանափակումների եւ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների բազմաթիվ օրինակներ էր բերել:




























