Ռուսաստանում արտահանմամբ զբաղվող պետական ընկերությունները պետք է վաճառեն իրենց կուտակած արտարժույթի մեծ մասը, որի շնորհիվ շուկան հունվար-փետրվարին օրական լրացուցիչ 1 մլրդ դոլար կստանա: Մասնակիցների համար սահմանափակում չկա, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթը:

Կառավարությունը արտահանող 5 խոշոր ընկերությունների («Գազպրոմ», ««Ռոսնեֆտ», «ԱԼՌՈՍԱ», «Զաարուբեժնեֆտ» եւ «Կրիստալ») հանձնարարել է մինչեւ 2015-ի մարտի 1-ը «զուտ արտարժութային ակտիվների» չափը հասցնել մինչեւ այս տարվա հոկտեմբերի 1-ը եղած մակարդակին: Այդ ժամկետից հետո ընկերություններին հանձնարարվել է չավելացնել այդ չափը:

Պետական ընկերությունների հասույթը կապահովի արտարժույթի բորսայական օրական շրջանառության 20-25 տոկոսը եւ նավթի գների կայունացման դեպքում՝ կարող է իրապես ամրապնդել ռուբլին, ասված է հրապարակման մեջ:

Արժութային շուկայի մասնակիցների գնահատմամբ, եթե պետական ընկերությունները արտարժույթ վաճառեն հավասարաչափ, ապա հաջորդ տարվա առաջին երկու ամիսներին օրական լրացուցիչ մուտքերը կկազմեն մոտ 1 մլրդ դոլար: