Ամանորի գիշերը ռեստորաններում տոնական շոու ծրագրերը մեկնարկելու են ժամը 22.00-ից եւ տեւելու են մինչեւ լուսադեմ, ելույթ են ունենալու հայ շոու բիզնեսի աստղերը: Այս է ցույց տալիս NEWS.am-ի հարցախույզը ռեստորանների շրջանում: Տեղերը պետք է նախապես պատվիրել, իսկ գներն էլ տատանվում են միջինը 10 հազարից-մինչեւ 80 հազարի շրջանում:
Այսպես, ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Փարվանա» ռեստորանում Ամանորի գիշերը ելույթ է ունենալու Սպիտակցի Հայկոն, Սարոն, Լիլիթ Կարապետյանը, Կարեն Մովսիսյանը, Քրիստինե Պեպելյանը, Դավիթ Սասունցին, Անգելինա Կապլան: Մուտքը Ամանորի գիշերը արժե 10 հազար դրամ, դրան կգումարվի նաեւ պատվիրված սննդի գումարը:Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Փարվանայից»:
ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ժամանցի համալիրում ելույթ կունենա Արման Հովհաննիսյանը, Արմոն, Դավիթ Թուջարյանը, Լիլուն, Սոնա Շահգելդյանը, մեր տեղեկություններով՝ մեկ անձի համար միջին գինը կազմում է 80 հազար դրամ, որի մեջ մտնում է տոնական սեղանն ու շոու ծրագիրը:
ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավորի՝ Գրիգորի Մարգարյանին պատկանող «Բելաջիո» ռեստորանային համալիրում, NEWS.am-ի տեղեկություններով, ելույթ կունենա Արսեն Գրիգորյանը, Արման Հովհաննիսյանը, Մարտին Մկրտչյանը, Աննա Խաչատրյանը, Աիդա Սարգսյանը, Մհերը, լինելու է նաեւ Ձմեռ պապ, Ձյունանուշ, ռեստորանի երաժշտական խումբը, այստեղ մեկ անձի մուտքն արժե 45 հազար դրամ:
«Յանս» ակումբում էլ Ամանորի գիշերը ելույթ կունենան ոչ միայն հայ էստրադայի ներկայացուցիչները՝ Սոնա Շահգելդյանը, Մհերը, այլեւ կհնչի ջազ, սոուլ, փոփ, լատինո ոճի երաժշտություն, ելույթ կունենան Մանե եւ Կոկտել, Տրոպիկանա բենդերը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Յանսից»: Այստեղ մեկ անձի համար գինը տատանվում է 25-30 հազար դրամի սահմանում, որի մեջ ներառվում է մրգի տեսականին:
«Մեցցո» կենտրոնում էլ ելույթ կունենա «Allusion» եւ Սրբուհի Սարգսյանը, «Ռեինկարնացիան»: Ինչպես մեզ հայտնեցին ակումբից, Գները տարբեր են՝ 30 հազար դրամ, դրա մեջ մտնում է մրգի տեսականին, 40 հազար դրամի մեջ ավելանում է նաեւ կանապե, իսկ 50 հազար դրամի սահմաններում էլ նախատեսված է մրգի տեսականի, կանապե, փրփրուն գինի:
Պատրաստեց՝ Ինգա Մարտինյանը



























