Երեւանի կենդանաբանական այգում շուրջ 500 դպրոցական մասնակցել է «Ապրող ծառ» բնապահպանական տոն-մրցույթին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «ՎիվաՍել-ՄՏՍ-ից»:

Այգու մուտքը եղել է ազատ,  ինչը բազմաթիվ այցելուների հնարավորություն է տվել դիտելու մրցութային աշխատանքները եւ պարզապես վայելելու տոնական մթնոլորտը: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի  եւ Երեւանի կենդանաբանական այգու  համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Ապրող ծառ» միջոցառումը սովորեցնում է տոներն անցկացնել՝ առանց բնությանը վնաս հասցնելու: Որոշակի կանոնների հետեւելով՝ մրցույթ-փառատոնի մասնակիցներն անձամբ  պատրաստել են զարդարանքներ՝ կիրառելով արդեն իսկ օգտագործված անպիտան իրերը: Պոլիէթիլենային շշերն ու բաժակները, հին ձայնասկավառակները, ստվարաթուղթն ու թելերը, ընդեղենի կեղեւը եւ այլ նյութեր երեխաների ձեռքերով նոր շունչ են ստացել՝ վերածվելով  բնապահպանական ինքնատիպ զարդարանքների:

Հատուկ նշանակություն ունի նաեւ մրցույթի խորագիրը՝ «Ապրող ծառ»: Ավելի վաղ` դեկտեմբերին, հիմնադրամը քարոզարշավ էր սկսել՝ բոլորին կոչ անելով հատված եղեւնիների փոխարեն ավելի մատչելի գնով գնել կամ վարձակալել ապրո՛ղ ծառ. արմատները հողում սոճի կամ եղեւնի, որը տոներից հետո կարող է տնկվել ետնաբակում, նվիրաբերվել որեւէ կրթօջախի կամ վերադարձվել Երեւանի կենդանաբանական այգի:

Մրցույթի մասնակիցները գնահատվել եւ մրցանակներ են ստացել երեք` լավագույն Էկո-տոնածառ, Էկո-ձնեմարդ եւ Սուրբ Ծննդյան մսուր անվակարգերում: Որպես մրցանակ տրվել են նաեւ բնության մասին գրքեր, կինոթատրոնի հրավիրատոմսեր, «Զու» ամսագրեր եւ այլն: «Կանաչ» եւ առողջ կենսակերպ խրախուսելու նպատակով, Երեւանի կենդանաբանական այգին յուրաքանչյուր ամիս պատանի այցելուների համար անցկացնում է հեծանվի խաղարկություն, որի հաղթողն այս անգամ դարձել է  13-ամյա Նարինե Զախարյանը: