Կառավարության շենքի համալիրի երկրորդ մասնաշենքը շահագործման կհանձնվի 2015-ին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
Նա ընդգծել է, որ նոր մասնաշենքում կլինեն ԱԳՆ-ն եւ մի շարք այլ գերատեսչություններ:
Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը ստացել է Արդարադատության նախարարության տարածքը (որն այրվել էր), պայմանով, որ այնտեղ հանրային նշանակության շենք է կառուցելու:
Վազգեն Սարգսյան-3 հասցեում գտնվող շենքը կգնի կառավարությունը եւ կտրամադրի ԱԳՆ-ին եւ այլ գերատեսչություններին, որոնք չունեն տարածք: ԱԳՆ ներկա շենքը կդառնա 5-աստղանի հյուրանոց: Ընկերությունը խոստացել է պահպանել շենքի պատմամշակութային տեսքը:



























