Պատմական Երեւանի ստեղծման համար վերջապես ներդրող է գտնվել. աշխատանքները կմեկնարկեն 2015 թվականին: Այս մասին դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: «Մենք ուրախ ենք, որ վերջապես գտնվեց ընկերություն ծրագրի իրականացման համար, եւ վստահ ենք, որ շինարարությունը կկատարվի հավուր պատշաճի», - հավելել է Սարգսյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագծի արժեքը կարող է կազմել 120 – 130 մլն դոլար: Ներդրողը «Օլդ Սիթի» ՓԲԸ-ն է, որը կապ ունի «Գլենդել Հիլզի» հետ. Վերջինս հայտնի է որպես Գյումրիի կառուցապատման բոլոր մրցույթների հաղթող:
«Հին Երեւանը» կկառուցվի Աբովյան, Բուզանդի, Կողբացու եւ Արամի փողոցների միջեւ: Շինությունները նախատեսվում է կառուցել առավելագույնը երեքհարկանի՝ նկուղային երկու հարկերով եւ ձեղնահարկով: Նշենք, այդ տարածքում գտնվող անշարժ գույքը արդեն օտարվել է որպես հանրային գերակա շահ:




























