Կոմիտասի պողոտայի 5 հասցեի շենքերի հարկայնությունը հաջողվել է 15-ից իջեցնել 7-ի: Այս մասին դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Բացի այդ, հավելել է նա, հաջողվել է թողնել 7 մ լայնությամբ անցում:
«Ես հանդիպել եմ հարակից շենքերի բնակիչների հետ: Իմ անձնական ջանքերի շնորհիվ նախագիծը հաջողվել է կրճատել 7 հարկի», - նշել է Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Երեւանի փոքր կենտրոնին, 2014թ. մշակված «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի համաձայն՝ սահմանափակվել է նոր շենքերի հարկայնությունը: «Մենք ցանկանում ենք, որ փոքր կենտրոնը պահպանի ավանդական տեսքը եւ չենթարկվի գլոբալիզացիայի ազդեցությանը», - հավելել է Սարգսյանը՝ շրջանցելով դրա արդեն իսկ բավականաչափ այլանդակված լինելու հարցը:
Հիշեցնենք, ամռանը Կոմիտասի պողոտայի 5 հասցեում մի շարք բողոքի ցույցեր էին կայացել՝ ուղղված հարեւանությամբ կառուցվող շենքերի դեմ: Այնուամենայնիվ, շինարարությունը չէր դադարեցվել:



























