«Դողու Փերինչեքն՝ ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում հունվարի 28-ին կայանալիք նիստին Հայաստանը կներկայացնեն Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, նրա տեղակալ Էմիլ Բաբայանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, միջազգային հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերթսոնը, Ամալ Ռամզի Քլունին, Թոբի Քոլիսը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը:
Գործի պատմությունը հետեւյալն է, Շվեյցարիան ընդունել է Հայոց ցեղասպանությունը հերքելու համար քրեական պատասխանատվության մասին օրենք, ինչը, բնականաբար, մեծ դժգոհության ալիք է բարձրացրել Թուրքիայում: Թուրք գործիչներից Թուրքիայի Աշխատավորական կուսակցության ղեկավար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ գործունեություն ծավալող Դողու Փերինչեքը Շվեյցարիայում մամուլի ասուլիս է հրավիրել, հայտարարել, որ ինքը հերքում է Հայոց Ցեղասպանությունը, դա ընդամենը միֆ է եւ այլն: Իսկ մինչ այդ նույն ոգով նա ելույթ էր ունեցել նաեւ Շվեյցարիայում կայացած մի գիտաժողովի ժամանակ, հայտարարել, որ այդ օրենքը հեռանկար չունի, այն չի բխում «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիայում ամրագրված խոսքի ազատության մասին դրույթներից, չի կարելի անձին ենթարկել քրեական պատասխանտվության ցեղասպանությունը ժխտելու համար եւ այլն:
Այս հայտարարությունների համար թուրք գործչին 2008թ Շվեյցարիայում ենթարկում են քրեական պատասխանտվության՝ 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի, ինչպես նաեւ 3 հազ. շվեյցարական ֆրանկ տուգանքի: Թուրք գործիչը բողոք է ներկայացնում ընդդեմ Շվեյցարիայի, դատական բոլոր ատյանները սպառելուց հետո գործը հայտնվում է ՄԻԵԴ-ում: Այստեղ առաջին փուլում Թուրքիան ներգրավվում է գործում՝ որպես երրորդ կողմ, Հայաստանը չի ներգրավվում: Եվրոդատարանը 2013 թ դեկտեմբերի 17-ին որոշում է կայացնում, որ իսկապես խախտվել է Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը, բողոքը հիմնավոր է, Շվեյցարիան պետք է փոխհատուցի նրան: Պարզվում է նաեւ, որ Եվրոպական դատարանը դուրս է եկել դիմումի շրջանակներից, սկսել է գնահատական տալ Ցեղասպանության հարցի հետ կապված, Շվեյցարիայի՝ որպես պատասխանող կողմի ներկայացրած բողոքի հիման վրա այս գործը մտնում է Մեծ պալատ, որի շրջանակներում էլ հունվարի 28-ին նիստ պետք է կայանա: Մինչ այդ հայկական կողմը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ի Մեծ պալատին է ներկայացրել գրավոր, իսկ հունվարի 28-ի նիտում կունենա նաև բանավոր հանդես գալու հնարավորություն:
Երկրորդ փուլում արդեն Հայաստանը ընդգրկվում է որպես երրորդ կողմ: Հայաստանի Կառավարությունում քննարկվում է այս հարցը, դիմում են միջազգային իրավունքի առաջատար մասնագետներին, ըստ այդմ՝ գործում ընդգրկվում է Ջորջ Քլունիի կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Ռամզի Քլունին, Ջեֆրի Ռոբերթսոնը: Նրանք միջազգային վարկ ունեցող, հայտնի փաստաբաններ են՝ մասնագիտացած մարդու իրավունքների, խոսքի ազատության, միջազգային իրավունքի եւ ՄԻԵԴ նախադեպերի ուղղությամբ, մասնակցել են մի շարք աղմկահարույց գործերով դատերի, ինչպես օրինակ՝ Տիմոշենկոյի, Ասանժի գործերը: Ըստ կանոնակարգի՝ ներգրավված փաստաբանների քանակի սահմանափակում չկա, պարզապես նրանց թիվը պետք է լինի ողջամիտ: Ի դեպ, երրորդ կողմ ներգրավված Թուրքիան եւս ուժեղ փաստաբանական խումբ է հավաքել:




























