Հարցերի հարցը մնում է՝ թե որքանո՞վ է արդյունավետ ծախսվում բյուջեն, որովհետեւ չի ապահովվում բյուջեի ծախսերի թափանցիկությունը, գնման գործընթացներում չափազանց կասկածելի փաստեր կան, չի բացառվում «ատկատ»- ը: Այս մասին ասված է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի տարածած հայտարարությունում:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«2014թ. ծրագրում արված եւ իրականացված առաջարկներից մեզ համար սկզբունքային են եղել հետեւյալները՝ ավագանու առցանց հեռարձակման նախագծի ընդունումը,Երեւանի ենթակայության հանրակրթական դպրոցների ֆինանսական գործունեության թափանցիկությունն ապահովող ֆինանսական փաստաթղթերի առկայությունը Երեւանի կայքում,Կենտրոնի թ.1 մանկապարտեզը երեխաներին վերադարձնելը, Էրեբունի վարչական շրջանի ազատամարտիկների այգին ամբողջությամբ էրեբունցիներին հանձնումը:
2015թ. բյուջեում արել ենք 17 առաջարկություն, որոնցից ընդունված 4 առաջարկներից կարեւորում ենք Կենտրոն վարչական շրջանի թ.15 մանկապարտեզում երկու նոր խմբի ֆինանսավորման վերաբերյալ առաջարկի ընդունումը, որտեղ առավել մեծ թվով հերթագրված երեխաներ կան: Ընդունվել են նաեւ մի քանի հասցեներում այգիների եւ մարզադաշտ հիմնելու, ինչպես նաեւ որոշ փողոցների ասֆալտապատման առաջարկները: Սակայն 2015-ի բյուջեում անհասկանալի ձեւով մերժվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում գործող Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Կրթական պարտեզ» հրաշալի առաջարկը, որը մեծ ծախսեր չակնկալելով եւ դառնալով երեխաների համար օրինակելի հեծանվահրապարակ, պատիվ կբերեր քաղաքապետարանին եւ մեր քաղաքին: Մեր հաջորդ առաջարկը՝ մանկապարտեզների փոքրերի խմբում ավելացնել դայակի հաստիք, որի կարիքը մեծ է հատկապես ծանրաբեռնված խմբերում եւ երեխաներն առավել կարիք ունեն անհատական հոգատար վերաբերմունքի ու խնամքի, չընդունվեց, այլ խոստացան նման հանձնարարական տալ այն մանկապարտեզների տնօրեններին, որտեղ ֆինանսավորումը թույլ կտա, սակայն կանխավ ասեմ, որ այն դժվար իրականանա:
Առաջարկել էինք անվտանգության ցանցով շրջափակել այն կամուրջների բաց կողերը, որտեղից մարդիկ ինքնասպանության են դիմում կամ փորձ են կատարում, մերժվել է;
Նշենք, որ 2015-ի բյուջեում 2014-ի համեմատ պակաս են ֆինանսավորվել մի քանի ծրագրեր, որոնց ֆինանսավորման չափն անցյալ տարի խիստ քննադատվեց հասարակության եւ մեր կողմից՝ օրինակ՝ դրոշների, թափառող շների վնասազերծման վերաբերյալ: Սա լավ է, սակայն ՀՀ պետական դրոշների քարտեզագրման վերաբերյալ ինտերակտիվ քարտեզում մարտից ոչ մի նշում չկա դրանց փոփոխության մասին, ուրեմն կարելի է եզրակացնել, որ մարտից ոչ մի դրոշ չի փոխվել, իսկ ո՞ւր են գնացել նախատեսված գումարները:
Հարցերի հարցը մնում է՝ թե որքանո՞վ է արդյունավետ ծախսվում բյուջեն, որովհետեւ չի ապահովվում բյուջեի ծախսերի թափանցիկությունը, գնման գործընթացներում չափազանց կասկածելի փաստեր կան, չի բացառվում «ատկատ»- ը, իրականացված սոցիալական, տոնական ծրագրերի ծախսերի հաշվետվողականություն պարզապես չկա:
Վերահսկիչ պալատի հաշվետվությունները նույնպես փաստում են որոշ ծրագրերի գծով Երեւանի բյուջեի ծախսման անարդյունավետության եւ անվերահսկելիության մասին:
Չնայած մեր որոշ առաջարկներ ընդունվել են, 2014-ի որոշ առաջարկներ էլ կյանքի են կոչվել, սակայն բյուջեի մասին մեր դիտարկումները փաստում են, որ ծախսերի հաշվետվողականության հետ կապված լուրջ վերահսկողության անհրաժեշտություն կա, դրանց կիրառման մեխանիզմները փաստաթղթում չեն երեւում , հետեւաբար 2015թ. թե զարգացման ծրագրին, թե բյուջեին «Բարեւ Երեւան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել, հայտարարելով, որ օրենքով սահմանված ավագանու վերահսկողական լիազորությունների շրջանակներում շարունակելու է ծառայել երեւանցիներին:




























