«Գեղեցիկ-տգեղ, «հարկավոր-անհարկի» բնույթի հարցերը ոչ մասնագետների հետ քննարկելու իմաստ չկա: Այս մասին դեկտեմբերի 23-ին մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Երեւանին հարկավոր են Հյուսիսային պողոտայի շենքերի դուրս ցցված  անկյունները:

Ի պատասխան հարցին՝ «Ձեզ դա դուր գալի՞ս է», նախարարը նշել է, որ իմաստ չունի այս կամ այն շենքի արժանիքների մասին պրոֆեսիոնալ զրույցներ տանել ոչ մասնագետների հետ:  «Ի տարբերություն իմ շատ գործընկերների՝ ես այդ ոլորտի մասնագետ չհանդիսացողների հետ պրոֆեսիոնալ զրույցներ չեմ վարում», - ասել է Սարգսյանը:

Հարցին՝ կարելի է արդյոք այդքան ցայտուն արդիականությունը համադրել սեւ տուֆակերտ շենքերին՝ նախարարը պատասխանել է. «Հնի ու նորի միախառնության որոշ փորձեր բավական հաջողված են լինում»: