Երեւանի շուկաներում սատկած խոզի մսի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի ծառայությունը:

Գերատեսչության մամուլի հաղորդագրությունում ասվում է.

«Ի պատասխան զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությանը` հայտնում ենք, որ հիմք ընդունելով 2014 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանն ուղարկված թիվ 10/1-2-4799 գրությունը` Ծառայության աշխատակիցները սույն թվականի դեկտեմբերի 21-ին մասնակցել են Երեւան քաղաքի «Նորքի շուկա» եւ «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ների տարածքներում գործող մսի վաճառքի կետերում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից իրականացված ստուգայցերին:

Ստուգայցերի ընթացքում Ծառայության աշխատակիցների կողմից «Մալաթիայի թիվ 4 շուկա» ՍՊԸ-ի եւ «Նորքի շուկա» ՍՊԸ-ի տարածքներում վաճառվող խոզի մսեղիքներից կատարվել է նմուշառում` թվով 20 նմուշ:

Նմուշները տեղափոխվել են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ` անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնելու նպատակով:

Ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության աշխատակիցների կողմից անմիջապես տրվել է հանձնարարական` ձեռնարկելու սննդի համար ոչ պիտանի մսեղիքի ոչնչացման աշխատանքներ:

Սննդում ոչ պիտանի մսեղիքի վաճառքը կասեցվել է, խմբաքանակը շուկայից դուրս է բերվել եւ կապարակնքվել է:

Բացի այդ, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի հրամաններով 2014 թվականի դեկտեմբերի 22-ից մինչեւ 30-ը Հանրապետության բոլոր մարզերում եւ Երեւան քաղաքում իրականացվում են շուկայահանված մսի դիտարկումներ՝ մակնշման եւ պահման պայմաններին ներկայացվող պահանջների նկատմամբ»: