Դիլիջանի թունելից մինչեւ Դիլիջանի հրապարակ տանող Մ4 միջպետական նշանակության ավտոճանապարհի 84-րդ կմ-ից 97-րդ կմ հատվածում եւ Վանաձոր-Դիլիջան Մ8 միջպետական ավտոճանապարհի 40-42-րդ կմ հատվածում մասամբ բացակայում էին անվտանգ երթեւեկությունն ապահովող ճանապարհային նշանները:
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Աշոտ Դայան եւ ընկերներ» ՍՊ ընկերության կողմից նշված ճանապարհահատվածներում կատարվել են կահավորման աշխատանքներ: Անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով Դիլիջանի թունելից մինչեւ Դիլիջանի հրապարակ տանող Մ4 միջպետական նշանակության ավտոճանապարհին հիմնականում տեղադրվել են նախազգուշացնող եւ առավելության ճանապարհային նշաններ, Դիլիջանի օղակաձեւ հրապարակում` հատուկ թելադրանքի եւ լրացուցիչ տեղեկատվական ճանապարհային նշաններ: Վանաձոր-Դիլիջան Մ8 միջպետական ավտոճանապարհի 40-42-րդ կմ հատվածում տեղադրվել են առավելության, արգելող եւ հատուկ թելադրանքի ճանապարհային նշաններ:
Նշված ճանապարհահատվածներում ներկվել են նաեւ մետաղական արգելափակոցները:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 16. 819. 200 ՀՀ դրամ է:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ձեւավորվել է շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողով: Ճանապարհահատվածը շահագործման ընդունելու վերաբերյալ հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն:




























