Բախտագուշակ Վարսիկի նախկին հարսը` Հասմիկ Խաչատրյանը, համոզված է, որ սկեսուրը իր կապերի միջոցով է պատժից ազատել 9 տարի իրեն բռնության ենթարկած ամուսնուն` Սարգիս Հակոբյանին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 24-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հասմիկ Խաչատրյանը:

«Բազմիցս ականատես եմ եղել, որ սկեսուրս գումարի եւ ծանոթների միջոցով մի զանգով բազմաթիվ հանցագործություններ է ծածկել:  Նրա մոտ պաշտոնավոր անձանց կանայք գալիս էին, որպեսզի սկեսուրս օգներ` իրենց ամուսինները բացի իրենցից ուրիշ ոչ մեկի հետ չապրեին: Գիտեմ, որ նրանց է զանգել, գումար է տվել ու իր կապերով հարցերը լուծել է»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը` չցանկանալով անուններ տալ:

Նշենք, որ Սարգիս Հակոբյանին դեկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 1.5 տարվա ազատազրկման է դատապարտել ու դատարանի դահլիճից համաներմամբ ազատ արձակել։  

Հասմիկ Խաչատրյանը նշեց, որ նման դատավճիռ չէր սպասում` հավատալով, որ արդարությունը կհաղթի:

«Չէի պատկերացնում, որ էդ աստիճանի անարդարացի կլինի: Մի կողմից էլ վստահ էի, որ էդպես է լինելու, քանի որ սկսած ոստիկանության քննչական բաժնից մինչեւ գործը դատարան հասցնելը ծանր ճանապարհ ենք անցել: Հենց սկզբից քննիչների վարքագիծը կողմնակալ էր եւ իրենց պատճառաբանությունն այն էր, որ ինձ որպես զոհ չէին նայում, նայում էին որպես ընտանիք, բայց դա ընտանիք չէր, նույնիսկ ոստիկանների առաջ ինձ սպառնաց, եւ նույնիսկ այդ ժամանակ քննիչը չարձանագրեց դա, որովհետեւ այնտեղ էր սկեսուրս»,- ասաց տուժողը:

Հասմիկ Խաչատրյանի խոսքով` ինքը 9 տարի ընտանիքում բռնության է ենթարկվել եւ այժմ, երբ ամուսինն ազատության մեջ է, իր վախերը կրկնապատկվել են:

«Հիմա իմ վախերն ավելի են շատացել, կասի` տես, հանցագործություն արեցի ու չպատժվեցի: Ու կարող եմ քեզ սպանել ու չպատժվել, որովհետեւ միշտ սպառնացել է ինձ՝ քեզ կսպանեմ ու հաստատ չեմ նստի: Հիմա էն վիճակն ա, որ ինքն ավելի ինքնավստահ է, ազատության մեջ է, ու ոչ մեկն էլ չի կարող իրեն հետ պահել կամ վերահսկել»,- ասաց Հասմիկը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Պերճուհի Կաժոյանի կարծիքով`արդարացման դատավճիռն անհիմն է, քանի որ գործով առկա էին բոլոր ապացույցները, որոնց հիման վրա դատարանը պետք է պատասխանատվության ենթարկեր Սարգիս Հակոբյանին:

NEWS.am-ի հետ զրույցում Պերճուհի Կաժոյանը նաեւ նշեց, որ համաներումն անթույլարտելի էր, քանի որ իրենք քաղհայց էին ներկայացրել նյութական փախհատուցման պահանջով, որը բավարարվել է մասնակի` 4 մլն. դրամի փոխարեն` 300 հազար դրամ:

«Համոզված եմ, որ դատավորն էր հուշել նրանց քաղհայցը մասնակի բավարարել, ասել էր` մի բան գցեք դեմները, թող գնան: Դատարանում ասացին` պատրաստ ենք 300 հազար վճարել, սկզբում հրաժարվեցինք, սակայն ստիպված էինք վերցնել, հակառակ դեպքում կնշանակեր, որ հրաժարվում ենք մեր քաղհայցից»,- ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչը:

Հասմիկ Խաչատրյանը եւ կանանց աջակցման կենտրոնը կդիմեն Վերաքննիչ դատարան` բողոքարկելու Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի արդարացման վճիռը:

Նշենք, որ Կանանց աջակցման կենտրոնը ընտանեկան բռնության այս գործին արդարացի հանգուցալուծում տալու ակնկալիքով բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` նշելով, որ դատարանի նման որոշմանը նպաստել է այն, որ Հայաստանում չի գործում ընտանեկան բռնության մասին առանձին օրենք: