Երեւանում բացվել է «Ունիսոն-Ստուդիա» սոցիալական ձեռնարկությունը, որին մասնակցել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ունիսոն» ՀԿ-ի տնօրեն Արմեն Ալավերդյանը, օգտվելով առիթից, նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին՝ Էրեբունի վարչական շրջանի  մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքում անհատույց օգտագործման իրավունքով իրենց տարածք տրամադրելու համար, ինչն իր հերթին հուսալի ապագա է կանխորոշել հաշմանդամների «Ունիսոն-Ստուդիայի» գործունեության համար: Այնուհետ քաղաքապետին ներկայացնելով ձեռնարկության գործառույթները՝ Արմեն Ալավերդյանը նշել է, որ տեղեկատվական ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց համար ուսուցման եւ աշխատանքով ապահովման այս հնարավորությունը ընձեռվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ «Սեյվ Դը Չիլդրեն» կազմակերպության, «Ունիսոն» ՀԿ-ի եւ այլ գործընկեր կազմակերպությունների կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակում։

Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին մշտական ուշադրության ու հոգածության համար՝ Արմեն Ալավերդյանը «Ունիսոն» ՀԿ-ի կողմից շնորհակալագիր է հանձնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետն իր հերթին մեկ անգամ եւս վստահեցրել է, որ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը լինելու է շարունակական, եւ սահմանափակ կարողություններով անձանց խնդիրների լուծմանն ուղղված քաղաքային բոլոր ծրագրերը հետեւողականորեն շարունակվելու են առաջիկա տարիներին եւս:

«Հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար մայրաքաղաքն առավել հարմարավետ դարձնելուն ուղղված մեր ծրագրերը ամրագրված են Երեւանի զարգացման քառամյա ծրագրում եւ լինելու են շարունակական նաեւ առաջիկա տարիներին: Վերջին երկու տարիների ընթացքում համագործակցելով ինչպես մասնավոր ընկերությունների, այնպես էլ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ, զգալի աշխատանքներ ենք իրականացրել մայրաքաղաքի փողոցներն ու մայթերը մատչելի դարձնելու ուղղությամբ: 2015թ.-ի բյուջեով եւս արդեն իսկ նախատեսել ենք այդ աշխատանքների շարունակականության ապահովումը: Այս խնդիրը վերջնականապես լուծելուց հետո հասարակական կազմակերպությունների հետ արդեն կհամագործակցենք այն ծրագրերի շրջանակում, որոնք կառաջարկվեն հենց նրանց կողմից»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու հավելել, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտը մատչելի դարձնելու շրջանակում մինչեւ տարեվերջ նաեւ թվով 10 ավտոբուս կահավորված ու հարմարեցված կլինի, եւս 10-ն էլ նախատեսվում է 2015թ.-ին:

Հարկ է նաեւ նշել, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» ծրագրի շրջանակում դասընթացների մասնակիցները կտիրապետեն լուսանկարահանման, տեսանկարահանման, գրաֆիկական ձեւավորման եւ տեսանյութերի մշակման հետաքրքիր ու պահանջված մասնագիտություններին: Իսկ լավագույն ցուցանիշներ գրանցած շրջանավարտները կապահովվեն հիմնական աշխատանքով՝ «Ունիսոն-Ստուդիա» սոցիալական ձեռնարկությունում: