ՀՀ սփյուռքի նախարարության միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի ընդլայնված նիստում, այսօր՝ դեկտեմբերի 24-ին ամփոփվել են «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի եւ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի արդյունքները: Նիսը վարել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Ամփոփելով 2014թ. ծրագրերի իրականացման արդյունքները՝ ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ դրանց իրականացման բարեհաջող ընթացքին եւ գոհացուցիչ արդյունքներին մեծապես նպաստել է պատկան գերատեսչությունների եւ մարզպետարանների պատրաստակամ եւ բարեխիղճ աշխատանքը: «Այս տարի «Արի տուն» ծրագրի առանձնահատկություններից մեկն այն էր, որ մասնակիցներ ունեցանք Դիարբեքիր-Տիգրանակերտի իսլամացած հայերից, որոնք վճռականություն էին ցուցաբերել վերադառնալու իրենց ազգային ակունքներին», - նշեց նախարարը՝ հավելելով. «Ծրագրի շրջանակներում մենք 80 երիտասարդի հյուրընկալեցինք Արցախ աշխարհից, 20-ին՝ 2014թ. երիտասարդության մայրաքաղաք հռչակված Սիսիան քաղաքից»:
«Իմ Հայաստան» փառատոնին 1000-ի փոխարեն մասնակցել է 1500 մարդ՝ աշխարհի 20 երկրից, «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների թիվը 2014թ.-ին հասավ շուրջ 300-ի, իսկ «Արի տուն» ծրագրին 1000 մասնակցի փոխարեն հյուրընկալեցինք 1071 սփյուռքահայ պատանիների եւ երիտասարդների:
Շնորհակալություն հայտնելով բարձր գնահատականի համար՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր երեխա, ով գոնե մեկ անգամ այս ծրագրերից որեւէ մեկով ոտք է դնում հայրենի հողին, այլեւս մնում է հայ՝ աշխարհի որ ծայրում եւ ինչ պայմաններում էլ ապրելիս լինի:
Այնուհետեւ ՀՀ սփյուռքի նախարարության պարգեւների արժանացան ծրագրերի իրականացմանն աջակից կառույցների ներկայացուցիչները:
ՀՀ սփյուռքի նախարարության բարձրագույն պարգեւով՝ Ոսկե մեդալով պարգեւատրվեց ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Վանիկ Մինասյանը:
«Սրտացավ գործընկեր» անվանակարգում մրցանակի արժանացան ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, ՀՀ առողջապահության նախարարությունները եւ ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանությունը, «Հայրենասիրական դաստիարակության ապահովում» անվանակարգում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Պատրաստակամ գործընկեր» անվանակարգում՝ ՀՀ արտաքին գործերի, ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունները, Արմավիրի եւ Արագածոտնի մարզպետարանները, «Հուսալի գործընկեր» անվանակարգում՝ Երեւանի քաղաքապետարանը, Արարատի եւ Կոտայքի մարզպետարանները, «Լավագույն համայնք» անվանակարգում՝ Վեդիի, Ջրվեժի, Փարաքարի, Աշտարակի համայնքները, «Մեծաթիվ հյուրընկալում» անվանակարգում՝ Տափերական եւ Պռոշյան համայնքները, «Պատրաստակամ գործընկեր» անվանակարգում՝ Արարատի, Փոքր Վեդիի եւ Եղվարդի համայնքները, «Հաջողված մեկնարկ» անվանակարգում՝ Արշալույսի, Կարբիի, Ավշարի համայնքները, «Մասնակցության համար» անվանակարգում՝ Մխչյանի եւ Մուսալեռ համայնքները:
ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով պարգեւատրվեցին հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիրներ Լավրենտի Միրզոյանը (Էրեբունի վարչական շրջան, հյուրընկալել է 5 մասնակից), Անահիտ Առաքելյան - (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, հյուրընկալել է 4 մասնակից), Համազասպ Ստեփանյանը (Դավթաշեն վարչական շրջան, հյուրընկալել է 3 մասնակից), Արա Ստեփանյանը (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, հյուրընկալել է 3 մասնակից), Ամալյա Ավադյանը (Աջափնյակ վարչական շրջան, հյուրընկալել է 4 մասնակից):
ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրերով պարգեւատրվեցին Երեւանի քաղաքապետարանի, տարբեր վարչական շրջանների, «Զվարթնոց» արգելոց-թանգարանի, Գառնու հեթանոսական տաճարի, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի, ՀԲԸՄ Վիրտուալ համալսարանի ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:
(2).jpg)
(1).jpg)




























