Երեւան-Իջեւան ավտոմայրուղու՝ դեպի Դիլիջանի թունել տանող 73.2-83.12կմ ճանապարհահատվածը (Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման) հիմնանորոգելու համար անհրաժեշտ էր դադարեցնել ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկությունը տվյալ հատվածում:
Այս ճանապարհահատվածը շրջանցելու լավագույն տարբերակը Հ-53, Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհն էր, որտեղ անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով անհրաժեշտ էր կատարել կահավորման աշխատանքներ եւ տեղադրել բացակայող անվտանգության տարրերը:
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Աշոտ Դայան եւ ընկերներ» ՍՊ ընկերության կողմից Հ-53, Մ-4-Սեմյոնովկա-Մ-4 հանրապետական նշանակության ավտոճանապարհին տեղադրվել են նախազգուշացնող, առավելության, հատուկ թելադրանքի, լրացուցիչ տեղեկատվական ճանապարհային նշաններ, ներկվել են մետաղական արգելափակոցները, բացակայող տեղերում` տեղադրվել նորերը:
Անվտանգ երթեւեկության ապահովման համար տեղադրվել են նաեւ ուղղորդ սյուներ, փակցվել են լուսային անդրադարձիչներ:
Աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 15.034.200 ՀՀ դրամ է:
Ճանապարհահատվածը շահագործման ընդունելու վերաբերյալ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ձեւավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովի կողմից տրվել է դրական եզրակացություն:




























