Շվեդիայի իրավապաշտպանները պահանջում են երկրում արգելել Դոնալդ Դաքի մասին մուլտֆիլմի ցուցադրությունը, քանի որ այն, նրանց կարծիքով, ոտնահարում է կանանց իրավունքները:

Սեռերի իրավահավասարության հարցերով զբաղվող «Գենդերթայմ» կազմակերպությունն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Շվեդիայում տոնական հեռուստատեսային ծրագիրը խախտում է իրավահավասարությունը:

«Եթե վերլուծենք բոլոր հեռուստահաղորդումները, ապա կհայտնաբերենք, որ դրանցում 293 արական եւ միայն 22 իգական սեռի կերպարներ կան»,- նշել են կազմակերպության ներկայացուցիչները: Mignews-ի փոխանցմամբ, կազմակերպությունը կարծում է, որ նման խախտումներ ամենից շատ հայտնաբերվել են Դոնալդ Դաքի մասին մուլտֆիլմում, իսկ այդ տեսանկյունից ամենաճիշտ ժապավենը Մոխրոտի մասին մուլտֆիլմն է: Դրանում հերոսուհիները ակտիվ են եւ բավական շատ են խոսում:

«Մենք չենք ուզում, որ հեռուստահաղորդումներից վերացնեն տղամարդկային բոլոր կերպարները: Բայց անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել մեր եզրակացության մասին, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի խնդրի մասշտաբների մասին»,- հայտարարել է «Գենդերթայմ» կազմակերպության անդամ Ֆրեդրիկ Էկլոֆը: