23-ամյա հայ նկարչուհի, Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ Գրետա Հարությունյանի համար մերկությունը մարդու ամենապարզ, հասարակ, անկեղծ վիճակն է։
«Ես ինձ ինչ հիշում եմ, մերկ եմ նկարում։ Անկեղծ եմ ինքս ինձ հետ, ինչ զգում եմ, դա էլ նկարում եմ, չեմ հորինում։ Ինձ մնար՝ մարդիկ լրիվ մերկ կարող էին փողոց դուրս գալ, դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմում է նկարչուհին։
Գրետան ստեղծագործում է էքսպրեսիոնիզմ ոճում եւ ոգեշնչված է հայտնի էքսպրեսինիստներ Էդվարդ Մունկից եւ Ֆրենսիս Բեկոնից։
«Մունկի կապույտն է մնացել, Բեկոնին էլ շատ սիրեցի, չեմ կարող ասել, որ նմանակում եմ, բայց հաստատ ինչ-որ բան վերցրել եմ երկուսից էլ։ Սիրում եմ իրենց, քանի որ իրենք էլ են շատ անկեղծ, որ նայում ես իրենց նկարներին, իրենց ամբողջ կյանքը տեսնում, պատկերացնում ես։ Մի քանի տարի առաջ, որ նկարում էի, իրենք կային գլխումս, հիմա ոչ մեկ չկա»,- պատմում է նկարչուհին։
Գրետայի խոսքով՝ էքսպրեսիոնիզմ ոճում ստեղծագործելը իրեն թույլ է տալիս ամբողջովին ինքնաարտահայտվել եւ կտավին հանձնել իր էմոցիաները։
Նկարչուհին պատմում է, որ Գեղարվեստի ակադեմիայում սովորելիս նույնիսկ հալածվել է դասախոսների կողմից «էրոտիկ» աշխատանքների պատճառով։
«Հիմա գործերումս էրոտիկա չկա, բայց մոտ մեկ տարի առաջ աշխատանքներումս կային էրոտիկայի ինչ-որ տարրեր։ Դասախոսս ինձ մի քիչ հալածում էր, նույնիսկ դիտման ժամանակ նկարս հանել տվեց, ասում էր՝ ամոթ է, նիմֆոմանիա է, բայց իրենց համար մերկությունը պետք է ընդհանրապես պրոբլեմ չլինի» ,- ասում է Գրետա Հարությունյանը։
Իրեն համարձակ համարող նկարչուհին գրեթե 5 տարեկանից միայն մերկ կանանց նկարելը պատճառաբանեց նրանով, որ մինչեւ վերջերս ծանոթ չի եղել տղամարդկային մերկությանը։
«Երեւի որ ծանոթ չեմ եղել իրենց մերկությանը, դրա համար չեմ նկարել, հիմա արդեն մերկ տղամարդկանց էլ եմ նկարում»,- ասում է Գրետան։
Նկարչուհին պատմում է, որ իր աշխատանքները եկամտաբեր չեն, քանի որ, ըստ նրա, ոչ բոլորն են իր արվեստը հասկանում եւ պատրաստ չեն դրանք գնել. «Չորս տարին մեկ մի նկար եմ վաճառում, չեն առնում, ոչ մեկ դրանք տանը չի կախի, օրինակ, վերջերս մի գերմանացի կին մի նկար գնեց, որում կապույտ աթոռ է պատկերված ու ասաց, որ մնացածները հավանում է, բայց չի գնի, որովհետեւ անհարմար է դրանք տանը կախելը»։































