BBC կորպորացիան եթերից հեռացրել է լեդի Դիանայի մասին փաստագրական ֆիլմը:Որոշումը կայացվել է արքայազն Չարլզի կողմից իրավաբանական ճնշումների պատճառով: Reinventing The Royals երկսերիանոց փաստագրական ֆիլմի ցուցադրությունը պետք է կայանար հունվարի 4-ին:
Ֆիլմում պատմվում է Դիանայի մահից հետո կատարված դեպքերի մասին:
Մասնավորապես ֆիլմի հեղինակները պնդում են, որ թագավորական ընտանիքը PR-մասնագետներ է վարձել՝ մամուլում արքայազն Չարլզի եւ նրա երկրորդ կնոջ՝ Կամիլա Ռոզմարի Մաունթբետեն Վինձորի հեղինակությունը բարձրացնելու համար: Ժապավենն արդեն պատրաստվում էին եթեր հեռարձակել, սակայն վերջին պահին չեղյալ են հայտարարել որոշումը, երբ BBC-ի հեռուստատեսային խմբակցությունը նամակ է ստացել Չարլզի եւ Կամիլայի փաստաբանից, հայտնում է The Daily Mirror-ը:
BBC-ի ներկայացուցիչները հայտնել են, որ կինոնկարի ցուցադրումը հետաձգվում է, սակայն վերջնականապես չեղյալ չի հայտարարվում: Ըստ նրանց՝ կինոնկարը կցուցադրվի այն բանից հետո, երբ կլուծվեն արխիվային նյութերի օգտագործման հետ կապված մի շարք հարցեր:
Արքայադուստր Դիանան զոհվել էր Փարիզում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով՝ 1997 թ.: 1981-1996 թթ. նա եղել էր արքայազն Չարլզի կինը: Նրանց ամուսնալուծության պատճառներից մեկը արքայազնի հարաբերություններն էին Կամիլա Փարքեր Բոուլզի հետ:




























