Աբու Դաբիի Մուսաֆա ծառուղու խորքում ավարտվել է հայկական առաջին եկեղեցու շինարարությունը, որը դռներն է բացել հազարից ավելի հայերի համար, ովքեր բնակվում են ԱՄԷ-ի մայրաքաղաքում, հայտնում է NEWS.am –ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները:
Եկեղեցին կառուցվել է հայկական ճարտարապետական ավանդույթներին եւ ոճին համահունչ: Երեք շենքերից մեկը մասամբ կառուցված է ապակուց եւ զարդարված հայոց այբուբենի տառերով եւ դրանց հեղինակ, հայ աստվածաբան եւ լեզվաբան Մեսրոպ Մաշտոցի արձանով:
«Հայկական այբուբենի բոլոր տառերն անփոփոխ են 405թ.-ից ի վեր: Այս ամբողջ ընթացքում միայն երկու տառ է ավելացել` Օ եւ Ֆ»,- հիշեցնում է Աբու Դաբիի հայկական համայնքի խորհրդի քարտուղար Րաֆֆի Սիմոնյանը: - «Այս այբուբենը շատ կարեւոր է հայկական ինքնության համար: Անգամ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը համարվում է չգերազանցված թարգմանություն քրիստոնեական աշխարհում: Այս կամ այն կասկածների դեպքում ուսումնասիրողները դիմում են հայկական կրկնօրինակին»:
Րաֆֆի Սիմոնյանը հիշեցրել է Մերձավոր Արեւելքի իշխանությունների կողմից հայերին ցուցաբերված աջակցութունը` սկսած Սալադինի օրերից մինչեւ հիմա:
«Արաբները, մահմեդականները պաշտպանել են մեզ եւ ամեն ինչում սատար կանգնել», - հավելել է Սիմոնյանը:
Ըստ նրա` առաջին հայերը ԱՄԷ են ժամանել 1976թ. եւ հիմնել կիրակնօրյա դպրոց, որպեսզի երիտասարդներին մայրենի լեզուն ուսուցանեն եւ պահպանեն համայնքի միաբանությունը: 1980թ. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը ստեղծեց հոգաբարձուների հատուկ խորհուրդ, եւ այդ օրվանից մինչեւ 2005թ. հայերը փորձում էին հողակտոր ստանալ հայկական եկեղեցու կառուցման համար: Մինչ այդ եկեղեցական միջոցառումներն անց էին կացվում հունական ուղղափառ եկեղեցում:
Վերջապես 2005թ. Շեյխ Մուհամեդ բին Զայեդը` Աբու Դաբիի թագաժառանգը եւ ԱՄԷ-ի զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալը, հատուկ հրամանագիր ստորագրեց եւ հող տրամադրեց հայկական եկեղեցու կառուցման համար: «Այն ժամանակ էլ մենք սկսեցինք նվիրատվություններ հավաքել ԱՄԷ-ի եւ Քուվեյթի հայ համայնքներից: Շինարարությունը սկսվեց 2012թ.», - պատմել է Րաֆֆի Սիմոնյանը:



























