Հայոց հարցը շարունակում է փորձություն մնալ այն երկրների համար, որոնք հայտարարում են ժողովրդավարական արժեքներին հավատարմության մասին: Այս մասին իր բլոգում գրել է բելգիական Le Soir պարբերականի լրագրող Ժան-Պոլ Մարտոզը: Հեղինակը գրում է.
«2014 թվականին Առաջին աշխարհամարտի տարելիցը հանրային հսկայական հետաքրքրություն առաջացրեց: Մարդասիրության հաղթանակի մասին բազմաթիվ ելույթներ հնչեցին բելգիական Իպրում գտնվող Համաշխարհային պատերազմի Ֆլանդերս Ֆիլդի թանգարանում, որտեղ առաջին անգամ գործի է դրվել մահացու իպրիտ կամ մանանեխի գազը:
100 տարի առաջ՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, Իպրում եւ Շամպանյում դաժան մարտերի ընթացքում, թուրքական իշխանությունները հայ մտավորականության հարյուրավոր ականավոր ներկայացուցիչների ձերբակալեցին: Դրանով էլ սկսվեց ավելի քան մեկ միլիոն մարդու տարհանումն ու ոչնչացումը, որոնց նախնիները Փոքր Ասիայում ապրել են հազարավոր տարիներ:
Պատմության այդ ողբերգական շրջանը, որը 1930-ականներին սկսեց ուսումնասիրել լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինը, եւ որը հրեաների Հոլոքոստից հետո Ցեղասպանություն անվանեց, դեռեւս շարունակում է աշխույժ բանավեճերի առարկա մնալ: Մեկ դար անց էլ Թուրքիան շարունակում է հերքել փաստերը: Անկարան շարունակում է կասկածի տակ դնել զոհերի թիվը, վիճել ջարդերի հանգամանքների շուրջ եւ այդ գործողություններում ժխտել ժողովրդին ոչնչացնելու մտադրությունը:
Չնայած այսօր մասնագետների մեծ մասը համակարծիք է, որ կատարվածի նպատակը Ցեղասպանությունն էր, Թուրքիան ցույց է տալիս, թե չի լսում դա: Այդ երկրի կառավարությունները մեկը մյուսի հետեւից դավաճան եւ օտարերկրյա գործակալ են հայտարարում նրանց, ովքեր սատարում են «հայկական կեղծիքին»: 2007 թվականին թուրքահայ լրագրող Հրանտ Դինքը՝ ճանաչման եւ հաշտեցման մարտիկը, Ստամբուլում իր թերթի խմբագրության առջեւ սպանվեց ազգայնականների կողմից:
Չնայած Ցեղասպանությունն իրագործեց մահացող Օսմանյան կայսրությունը, այն համարում են ժամանակակից Թուրքիայի առաջին մեղքը: Անկարայի համար ճանաչումը կասկածի տակ կդնի «թուրքականությունը», որը գերիշխում է պետության ազգային փոքրամասնությունների՝ քրդերի, հրեաների, հույների, ալեւիների նկատմամբ եւ արմատապես հակասում է Եվրամիության հիմնարար արժեքներին:
Վերջին տարիներին թուրք բազմաթիվ մտավորականներ եւ իրավապաշտպաններ, այդ թվում՝ Օրհան Փամուքը, Էլիֆ Շաֆաքը, Թաներ Աքչամը եւ Չենգիզ Աքթարը, կոտրեցին պաշտոնական տաբուն: Հասան Ջեմալը՝ հայտնի լրագրող եւ Ցեղասպանության հեղինակներից մեկի՝ Ջեմալ փաշայի թոռը, նույնպես խնդրում է ճանաչել այդ «ամոթալի ակտը», ինչպես այն անվանում էր Քեմալ Աթաթուրքը՝ մինչեւ ուրացման քաղաքականությունը սկսելը:
Անցյալ տարի Թուրքիայի նախագահ Ռեջփ Թայիփ Էրդողանը «ցավակցություն հայտնեց 1915 թվականին սպանված հայերի թոռներին», եւ հիմա Հայոց ցեղասպանության շուրջ քննակումներն ավելի հանդուրժողական են դարձել: Սակայն պետական ժխտողական քաղաքականությունը վերանայելու մասին խոսք անգամ չեղավ: Այդ քաղաքականությունը շարունակում է գերակայել Թուրքիայի արտաքին քաղաքականությունում, Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի կամ դրա ժխտման համար պատժելու քաղաքականությունում:
Հայոց հարցը պետություններին ստիպում է ընտրություն կատարել Realpolitik-ի եւ միջազգային հարաբերությունների միջեւ, փորձություն է դառնում այն սկզբունքներին համապատասխանելու ճանապարհին, որոնց մասին հայտարարում են տարբեր երկրների քաղաքական գործիչներ:
Առայժմ Հայոց ցեղասպանությունը շուրջ 20 երկիր է ճանաչել: Բելգիայում դա արել է Սենատը, 1998 թվականին: Բայց, ընդհանուր առմամբ, հայոց հարցը շարունակում է մնալ քաղաքական կոնյուկտուրայի գերին: Նախընտրական արշավների ժամանակ տրված խոստումները խախտվում են, իսկ Եվրախորհրդարանի կամ ամերիկյան Կոնգրեսի որոշումները մոռացվում են՝ Անկարային չգրգռելու համար:
Ոմանք Անկարայի ժխտողականությունն արդարացնում են հակաթուրքական ռասիստական շարժման կամ քրիստոնեական եւ մահմեդական աշխարհի միջեւ բախման շուրջ անհանգստությամբ: Մյուսներն էլ վախենում են ուժեղացնել Թուրքիայում եվրաինտեգրման հակառակորդների դիրքերը: Ոմանք էլ նման հարցում արտաքին միջամտությունն անարդյունավետ են համարում: Բայց հաճախ պատճառները պարզ են. նրանք վախենում են իրենց հեռացնել կարեւոր ռազմական դաշնակցից եւ տնտեսական գործընկերոջից, ինչպես նաեւ, այդ թվում՝ Բելգիայում, կորցնել թուրքական ծագմամբ ընտրազանգվածին:
Այս բոլոր փաստարկներն անպատասխան են թողնում ժխտման հետեւանքով բարձրացող հարցերը: Իսկ դա նշանակում է, որ ցեղասպանության գործընթացի եւս մեկ ձեւի՝ ժխտման դաշնակից են դառնում: Նրանք, ովքեր պայքարում են դրա դեմ այսօրվա Թուրքիայում, Եվրամիության միակ իրական գործընկերներն են, եթե այն իսկապես ցանկանում է պայքարել ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համընդհանուր արժեքների համար:
2015 թվականը դյուրին չի լինելու: Բավարար չի լինի ընդամենը հայտարարել մեր ընդհանուր (ան)մարդկայնության մասին: Ստիպված կլինենք տեղ զբաղեցնել արդարության եւ հիշողության ճակատում»:




























