Հունվարի 7-ի լույս հունվարի 8-ի գիշերը սահմանին իրավիճակը լարված է անցել, հակառակորդը նորից կրակ է բացել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ բարեբախտաբար տուժածներ եւ վնասներ չկան: Հայկական կողմը ի պատասխան կրակ է բացել, բայց ոչ բոլոր դեպքերում: Ինչ վերաբերում է ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությանը, թե հայկական կողմը գնդակոծում է ադրբեջանական գյուղերը եւ բնակիչները տեղահանվում են, ՊՆ մամուլի խոսնակն ասաց, որ հայկական կողմը հրադադարի ռեժիմը չի խախտում, միայն պատասխան կրակ է բացում:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ ՀՀ եւ ԼՂՀ հատվածում անցած գիշեր ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 400 անգամ: