Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրվող երկրաշարժերի մեջ որեւէ արտառոց բան չկա, խուճապի մատնվելու հիմք չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սեյսմիկ պաշտպանության Արեւմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Սոս Մարգարյանը:
Նա նշեց, քանի որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ գոտում, սա բնական ֆոնային ակտիվություն է: Արձանագրված երկրաշարժերը, Սոս Մարգարյանի փոխանցմամբ, եղել են թույլ, 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժը մեր գոտու համար բնական է: Նա վստահեցրեց, որ իրենք հետեւում են իրավիճակին. խիստ ակտիվություն եւ լուրջ անոմալիաներ չկան: Սոս Մարգարյանի խոսքով՝ հնարավոր է՝ նորից 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ լինի, խնդիրն այն է, որ մինչեւ 5 բալ ուժգնությամբ երկրաշարժերը հնարավոր չէ կանխատեսել: «Երկրաշարժեր հաճախ ենք ունենում, որոնք բնակչությունը չի էլ զգում, մեր նման գոտու համար դա նորմալ է, այս տարածքում երկրաշարժեր եղել են եւ կլինեն»,-ասաց Սոս Մարգարյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին ԱԻՆ-ը հաղորդել էր ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի, իսկ հունվարի 8-ին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին երկրաշարժերի մասին:



























