Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Մ.Մանուկյանը դեկտեմբերի 29-ին ներկայացրել է վարույթն իրականացնողն մարմին եւ նրան մեղադրանք է առաջադրվել` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Տնօրենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին` հաշվի առնելով նրա առողջական վիճակը:
Նշենք, որ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ աշխատակիցների եւ նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման: Քննիչը որոշում էր կայացրել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Մ.Մանուկյանին եւ նույն մանկապարտեզի բուժքույր Ն.Առաքելյանին ՀՀ քրական օրենսգրքի 277-րդ հոդվածի առաջին մասով` Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում, որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Ն.Առաքելյանը ներկայացել էր վարույթն իրականացնող մարմնին, եւ դեկտեմբերի 16-ին նրան նշված հոդվածով մեղադրանք էր առաջադրվել: Մանկապարտեզի տնօրենը չէր ներկայացել վարույթ իրականացնող մարմնին՝ տրամադրելով ծանր հիվանդ լինելու վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:
Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել 2014թ.-ի նոյեմբերի 28–ի երեկոյան։ Թունավորման հետեւանքով, բացի 90 հոսպիտալացված սաներից, համայնքում հայտնաբերվել է 23 առողջ բացիլակիր, որոնց շարքում թե երեխաներ կային, թե մեծահասակներ: Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը:



























