Հինգշաբթի Մեծ Բրիտանիայում չեղյալ են հայտարարվել տասնյակ երկաթուղային  եւ ավիաչվերթներ՝ հյուսիսային եւ արեւմտյան շրջաններում սկսված ձնաբուքի պատճառով:

Եղանակի պատճառով ամբողջությամբ դադարեցվել է Մանչեսթերի օդանավակայանի աշխատանքը, դիսպետչերները չվերթները տեղափոխում են այլ քաղաքների օդանավակայաններ:

Փակված են Դարեմի եւ Յորքշիրի ճանապարհները: Դադարեցվել է տասնյակ գնացքների երթեւեկությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի քան 200 դպրոց  է փակվել Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում եւ Կամբրիայում: Մի շարք մարզերում խափանվել է բջջային կապը:

Բրիտանիայի օդերեւութաբանական բյուրոն նախազգուշացնում է, որ  ձնաբքին եւ ուժեղ քամուն ենթակա նահանգների թիվը կավելանա: Դրանց ցուցակում կարող է հայտնվել նաեւ Լոնդոնը, որտեղ այսօր զգալի ցրտել է: