Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով տուժող Հակոբյանները համաձայն չեն առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ: Տուժող Արթուր Հակոբյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք բողոքարկելու են ոչ միայն պատժաչափը, այլեւ քաղաքացիական հայցը:
«Ո՞նց է լինում, որ պատժաչափը 4-10 տարի է, բայց Վարդանին տալիս են հենց 5 տարի: Ես կարծում եմ, որ նրան գնդակահարությունն էլ է քիչ: Մենք անպայման բողոքարկելու ենք դատավճիռը, դա որ հաստատ է: Նույնն էլ քաղհայցին է վերաբերվում: Պետք է չէ՞ փոխհատուցի. աղջկաս բուժում է հարկավոր, բացի դրանից՝ երկու երեխաների կյանք է կերել, ու հենց 5 տարի՞,- ասաց Արթուր Հակոբյանը:
Նշենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 29-ին դերասանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով եւ դատապարտել 5 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:





























