Խարկովում կատուն մոտ 6 հազար գրիվեն (400 դոլար) ընդհանուր արժեքով մսային խորտիկներ է կերել։

Ինչպես նշում են ձեռնարկության աշխատակիցները, կատուն պահեստում մի քանի օր է անցկացրել եւ ընտրել է միայն ամենաթանկ մթերքները։

Չորքոտանի ապօրինի հյուրը ներխուժել է պատրաստի արտադրանքի պահեստ եւ մի քանի օր շարունակ խորտիկներ ճաշակել։ Կոմբինատի աշխատակիցները ցնցվել են վնասի մեծությունից։

Ավելի ուշ կատվին բռնել են եւ հանձնել քաղաքի կենդանիների ապաստարան։ Այժմ նա գտնվում է վանդակի մեջ եւ չոր կերով է սնվում։ Կատվին խոստանում են ազատ արձակել 45-օրյա կարանտինից հետո։