Ժողովուրդ, ձու գնեք 20 դրամով, քանի դեռ….քանի դեռ ուշ չէ: Հենց այս՝ «քանի ուշ չէ» արտահայտությունն է մեր հոդվածի առանցքը: Բայց արդեն ուշ է, որովհետեւ այսօրվանից հայրենական գրեթե բոլոր ձու արտադրողները մտադիր են բարձրացնել իրենց արտադրանքի գինը՝ այն հասցնելով նախկին գնին: Նման ծայրահեղ որոշումը կայացվել է թռչնաբուծական խոշոր ընկերությունների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: Ձվի գները բարձրացնելու են բոլոր թռնաբուծական ընկերությունները, բոլորը, բացի «X-Gruup» ընկերության մեջ մտնող «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայից»: Ահա հենց այս մասին է մեր հոդվածը:
Եւ ուրեմն, բառացիոներն երեք ամիս առաջ գրեթե բոլոր հեռուստաընկերությունները սկսեցին գովազդային հոլովակներ ցուցադրել «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի» չտեսնված-չլսված ակցիաների մասին՝ իջեցնել ձվերի առքի գինը երեք անգամ՝ 50-60 դրամից՝ 20 դրամի: Այս ընկերությունը խոստացավ եւ ի կատար ածեց իր խոստումը եւ արդեն մի քանի օր անց բոլոր խանութները լցված էին Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի ձվերով՝ հատը 20 դրամ արժողությամբ, իսկ այդ ձվերի կողքին դրված էր մյուս ձվարտադրող ընկերությունների արտադրանքը՝ հատը 50-60 դրամ արժողությամբ: Եւ այս ամենը հայկական շուկայում արձանագրված բառացիորեն գրեթե բոլոր ապրանքների թանկացման ֆոնին: «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի» նման քաղաքականությունը՝ քաղաքական եւ տնտեսական ինտրիգներից կուշտ սպառողի համար կարող էր առնվազն բարեգործություն կամ էլ ժողովրդի բարեկեցության հանդեպ ցուցաբերված ծայրաստիճան հոգատարություն թվալ:
Սակայն բավական է միայն թափանցել երեւույթի խորքը եւ պարզ կդառնա, թե ձվի շուկայում ստեղծված իրավիճակն ինչպիսի ֆինանսներ ու շահեր է շոշափում: Ձվի արտադրությամբ զբաղվող մի քանի խոշոր ընկերությունների սեփականատերերի հետ զրույցում պարզ դարձավ, որ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի քաղաքականությունը՝ իջեցնել սեփական արտադրանքի գինը, ամենեւին էլ թելադրված չէ ժողովրդի հանդեպ տածած հոգատարությունից ու մարդասիրությունից, այլ թելադրված է սեփականատերերի՝ հեռուն գնացող հետաքրքրություններով: Թռչնաբուծական մյուս ընկերությունների սեփականատերերի հավաստմամբ՝ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան շուրջ երեք ամիս է՝ նպատակաուղղված դեմպինգ է անում ձվի շուկայում, որպեսզի իր մրցակից ընկերություններին հասցնի սննկացման եւ մենաշնորհային դիրք ձեռք բերի շուկայում: Ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանը այլ ընկերությունների ղեկավարների հետ մասնավոր զրույցներում նույնիսկ խոստովանել է, որ այն բանից հետո, երբ կիրականացնի իր պլանները, մտադիր է կտրուկ բարձրացնել իր արտադրանքի գները: Որպեսզի արտադրված մեկ ձվի մեջ 35 դրամ շահույթ ունենա, այդ դեպքում ձվի գինը պետք է բարձրանա մինչեւ 70 դրամ: Հենց այդ նպատակով էլ Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան իր արտադրանքի ծավալները մեծացրել է: «Մեկ ձվի ինքնարժեքը տատանվում է 35-37 դրամի սահմաններում եւ պետք է առնվազն մազոխիստ լինել՝37 դրամով ձու արտադրելու այն 10 դրամով վաճառելու համար (հենց 10 դրամով են ձվերը դուրս գրվում թռչնաֆաբրիկաներից, մնացած 10 դրամը՝ խանութների սահմանած գինն է),-բացատրում են թռչնաբուծական ընկերությունների սեփականատերերը, ովքեր Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի մրցակցությանը դիմակայելու համար ստիպված էին իրենց վնաս հասցնելով իջեցնել արտադրվող ապրանքի գները:
«Խաչիկ Խաչատրյանի համար դժվար չի լինի սեփական ձեռքերով եփած ճաշից դուրս գալը, նա մեծ տոնավաճառ ունի Մոսկվայում, որտեղից ստացված եկամուտը նա ներդնում է ձվի արտադրության մեջ եւ գների դեմպինգ է անում, որպեսզի ազատվի մրցակիցներից: Իսկ մենք…Միայն վերջին երկու ամիսների ընթացքում, երբ սկսվեցին «ձվային կրքերը», ես շուրջ 2 միլիոն դոլարի վնաս եմ կրել: Ես ինչքա՞ն կարող եմ ի վնաս ինձ աշխատել… Կամ կփակեմ, կամ էլ կվաճառեմ ֆաբրիկաս, ինչի՞ս է պետք ավելորդ նյարդային վիճակը: Կամ էլ՝ վաղվանից բարձրացնելու եմ իմ արտադրանքի գները, ինչ լինում է, թող լինի: Միեւնույնն է Երեւանի թռչաբուծական ֆաբրիկան ի վիճակի է բավարարել ձվի հայրենական շուկայի միայն մեկ երրորդ մասը: Այդ ընկերությունը կարող է իր ապրանքը վաճառել 20 դրամով, իսկ այն խանութներում, որտեղ ձու չի լինի, մենք կիրացնենք մեր արտադրանքը՝ նախկին գներով»,-նշեց խոշոր ընկերություններից մեկի սեփականատերը՝ որպես օրինակ բերելով շաքարավազի շուկայում առկա իրավիճակը: «Եթե մենք չկարողանանք դիմակայել, ապա ձվի շուկան կմոնոպոլիզացվի, եւ կստեղծվի նույն իրավիճակը, որն առկա է շաքարավազի շուկայում, երբ ներկրող-մոնոպոլիստն իր գնային քաղաքականությունն է թելադրում՝ ելնելով իր տրամադրությունից, հոգեկան վիճակից եւ այլն»,-շարունակեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Հայաստան ներկրվող շաքարավազի առյուծի բաժինը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանինն է: Թռչնաֆաբրիկաների սեփականատերերը տարակուսում են, թե ինչո՞ւ պետությունը չի միջամտում, չէ՞ որ ոլորտը ներկա դրությամբ վտանգի տակ է:
Ի դեպ, մեր հետաքննության ընթացքում ի հայտ եկավ մեկ այլ նուրբ մանրամասն եւս: «Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի» կողմից արտադրվող «էկո» տեսակի ձվերը ամենեւին էլ չեն հանդիսանում էկոլոգիապես մաքուր: Ինչպես մեզ բացատրեցին մասնագետները, ամբողջ աշխարհում ներկայումս հրաժարվել են «էկոլոգիապես մաքուր արտադրանք» ձեւակերպումից, քանի որ ընդունված է համարել, որ նմանատիպ ապրանք արտադրելը գրեթե անհնար է՝ էկոլոգիապես ախտոտված երկրագնդի պայմաններում: «Էկոլոգիապես մաքուր արտադրանք» հասկացությունը փոխարինվել է «օրգանական մթերք» «կլիշեով»: Ձվերի պարագայում այդ հասկացությունը ենթադրում է, որ հավերը պետք է պահվեն ոչ թե վանդակներում, այլ ազատ պայմաններում, իսկ դրանց համար հատկացված կերը պետք է լինի բացառապես օրգանական՝ խոտ, որդ, հաց, ցորեն: Ակնհայտ է, որ ոչ մի թռչնաֆաբրիկա չի կարող իրեն թույլ տալ հավերին պահել ազատ պայմաններում. դրանք բոլորը պահվում են վանդակներում: Միամտություն կլիներ կարծելը, որ ֆաբրիկաներում պահվող հավերը կերակրվում են բացառապես խոտով, որդերով կամ այլ օրգանական կերերով: Այնպես որ, «էկո» կամ «օրգանական մթերք» հասկացությունը կիրառելի է միայն տնական, այլ ոչ թե ֆաբրիկաներում պահված հավերի ածած ձվերի դեպքում:
Այնպես որ, հարգելի քաղաքացիներ, ուշադրությամբ ծանոթացեք մեր տեղեկատվությանը, եւ գնեք, կամ ավելի լավ է՝ մի գնեք 20 դրամանոց ձվեր, այլապես հետո ուշ կլինի…




























