Արագաչափերը տեղադրվում են` հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները, երթեւեկության ծանրաբեռնվածությունը, ճանապարհա-տրանսպորտային պատահարների վիճակագրական վերլուծությունը: Այս մասին այսօր` փետրվարի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՃՈ պետ Արտակ Հարությունյանը:

«Կարծում ենք, որ դրական տեղաշարժ է, որի արդյունքներն արդեն մենք ունենք: Բոլոր քաղաքակիրթ երկրներում արագաչափերը կիրառվել են, կիրառվում են: Ինքնանպատակ ոչինչ չի արվում: Արագաչափերը տեղադրվում են այն վայրերում, որտեղ կա վատ տեսանելիություն, ճանապարհի հետ կապված խնդիրներ, հաճախակի են պատահարները»,- ասաց ՃՈ պետը:

Եթե վարորդներն ունեն դժգոհություններ` կապված արագաչափերի տեղադրման, տարբեր խախտումների, ապա Արտակ Հարությունյանը հորդորեց դիմել ճանապարհային ոստիկանությանը` հավաստիացնելով, որ իրենք ոչ մի դիմում անպատասխան չեն թողնի: