Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի բնակչությունը 2015թ. փետրվարի սկզբի դրությամբ աննախադեպ աճ է գրանցել՝ գերազանցելով 1939թ. սեփական ռեկորդը։ Այս մասին վկայում են երկուշաբթի Մեծ Լոնդոնի վարչության հրապարակած տվյալները։

Ներկայումս  Լոնդոնում բնակվում է 8.63 մլն մարդ։ Քաղաքապետ Բորիս Ջոնսոնը կարծում է, որ բնակչության ժողովրդագրական աճը պայմանավորված է հանցագործության ցածր մակարդակով եւ տնտեսական բարենպաստ պայմաններով։

Վերջին անգամ ժողովրդագրական նման աճ տեղի էր ունեցել 1939-ին, երբ Լոնդոնի բնաչկության քանակը հասել էր 8.615 մլնի։

Ակնկալվում է, որ 2030-ական թթ. Լոնդոնի բնակչությանը թիվը կհասնի 10 մլն-ի, իսկ 2050-ին կգերազանցի 11 մլնը, հաղորդում է, «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Bloomberg-ին։

Փորձագետները զգուշացնում են, որ բնակչության աճը ուղեկցվում է փոխադրամիջոցների եւ մի շարք այլ ռեսուրսների խնդիրներով։ London First-ի կանխատեսումների համաձայն՝ 2036-ին Մեծ Բրիտանիայում փոխադրամիջոցների պահանջարկը կաճի 50 տոկոսով։

Նշենք, որ Լոնդոնում առաջին մարդահամարն անցկացվել էր 1801թ.։ Այդ ժամանակ Բրիտանական կայսրության մայրաքաղաքում բնակվում էր մեկ միլիոնից քիչ ավել մարդ, իսկ 1901-ին այդ թիվն արդեն կազմում էր 6.5 մլն։